Պաշտոնները կորցնելու հետևանքը. ինչ բացահայտումներ են եղել Սերգո Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի ընկերություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած` «Արտֆուդ»-ը, տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արարատի եւ Սյունիքի մարզերի երեք դպրոցներ դիմել են ֆինանսների նախարարություն` պահանջելով ՖՆ-ից պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությանը ներառնել սեւ ցուցակում:

«Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսն է: Այս ընկերությունում Հովիկ Աբրահամյանի որդու` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին է` Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեն հավասարաչափ բաժնեմասեր: Հիշեցնենք՝ վերջերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր բիզնեսը, այդ թվում` «Արտֆուդ»-ի՝ իրեն պատկանող բաժնեմասերը: Սակայն կրտսեր Աբրահամյանը` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այս տեղեկությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությանն են դիմել ՀՀ Արարատի մարզի Մրգավանի, Այնթապի Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան եւ Սյունիքի Կապանի թիվ 1 հիմնական դպրոցները: Նշված դպրոցները պահանջում են, որ Արտաշատի պահածոների գործարանը` «Արտֆուդը», ներառվի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ֆինանսների նախարարությունը իր հերթին դիմել է գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ին եւ խնդրել ուսումնասիրել «Արտֆուդին» սեւ ցուցակում ներառելու հիմքերը:

Մեր ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Մրգավանի դպրոցի կողմից անցած տարվա հունվարի 11-ին հայտարարված գնման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Արտաշատի պահածոների գործարանը: Սակայն դպրոցի տնօրինությունը պարզել է, որ «Արտֆուդը» հայտ ներկայացնելու օրվա դրությամբ պետբյուջեի նկատմամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորություն` մոտ 3.8 մլն դրամի չափով: Արարատի մարզի մյուս` Այնթապի Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցի տնօրինությունը եւս գնումների բողոքարկման խորհրդին ներկայացրել է իր փաստարկը: Ըստ որի` դպրոցի կողմից անցած տարվա հունվարի 12-ին հայտարարված գնման մրցույթին հայտ ներկայացնելու ժամանակ գործարանը կրկին ունեցել է հարկային պարտավորություններ` 3.8 մլն դրամի չափով: Նույն պատճառաբանությունն է բերված նաեւ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրինության փաստարկներում: Բայց մի տարբերությամբ` այս դեպքում անցած տարվա փետրվարի 11-ի դրությամբ «Արտֆուդը» պետական եկամուտների կոմիտեին ունեցել է կես մլն դրամի պարտք:

Մինչդեռ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գնումների ընթակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն ընկերությունները, որոնք ունեն ժամկետանց պարտքեր ՀՀ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետով մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացում մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ամենի արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը արձանագրել է, որ «Արտֆուդի» վերաբերյալ առկա են օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ցուցակում ներառելու երկու հիմքերը, քանի որ ընկերությունը ներկայացրել է կեղծ տվյալ` թույլ տալով օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետի խախտում, այնուհետեւ օրեր անց կրկին հայտեր է ներկայացրել կազմակերպված գնման ընթացակարգերին, որոնց ընթացքում նույնպես ներկայացրել է կեղծ տվյալներ: Արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշել է ընկերությանը ներառել սեւ ցուցակում` վեց ամսով: Այսինքն՝ ընկերությանը պետական գնումների գործընթացին չի թույլատրվել մասնակցել այս տարվա հունիսի 5-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը:

Ասել է, թե Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող ընկերությունը փորձել է կեղծ տվյալներ ներկայացնել: Բայց հետաքրքիր է` եթե ընկերության սեփականատերերը լինեին գործող պաշտոնյաներ, արդյո՞ք այս ամենը կբացահայտվեր, թե՞, այնուամենայնիվ, աչք կփակեին:

Հատկանշականն այն է, որ այս ընկերությունը հայտնվել է ցանկում նրանց պաշտոնանկությունից ամիսներ անց: Եւս մեկ վկայություն այն մասին, որ Հայաստանում միայն գործող պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են ունենում անխոցելի գործելու «իրավունք»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս