Անկախություն ձեռք բերելուց հետո կորցրեցինք մեր անկախությունը՝ աստիճանաբար. Սասուն Միքայելյան. tert.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես անկախ ու ինքնիշխան պետության կորուստներին ու ձեռքբերումներին:

-Պարո՛ն Միքայելյան, վաղը՝ Հայաստանի անկախության ձեռքբերման 26-րդ տարեդարձն է: Գլոբալ նայելու դեպքում կարո՞ղ եք ասել՝ ինչ ենք ձեռք բերել, ինչ՝ կորցրել:

-Մենք անկախանալով՝ կորցրեցինք մեր անկախությունը՝աստիճանաբար, տարեց տարի, մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Այսինքն՝ մեր ժողովուրդը դուրս մնաց մեր պետության՝ անկախ Հանրապետության ամրապնդման գործընթացից: Ու մեր հայ ժողովուրդը, հատկապես Հայաստանում բնակվող, այս բոլոր՝ նախընտրական, ընտրական պրոցեսների ընթացքում ընդամենը մաս կազմեց ուրիշների՝ կոնկրետ, մեր իշխանությունների ֆինանսական, «աշխատանքային» պրոցեսների՝ այդ իշխանությունների կամքով և ցանկությամբ: Ու ինչպես մեր Առաջին Հանրապետությունը դիմացավ ընդամենը 2 տարի, այնպես էլ այսօր Երրորդը կանգնած է նման վտանգի առաջ ու գտնվում է ոչ պակաս վտանգավոր ժամանակահատվածում: Մինչև մեր ժողովուրդը չգիտակցի, որ էսքան ներելով, թույլ տալով, կամ կներեք՝ գումար վերցնելով, հետո բողոքելով ու արտագաղթելով, ոչ մի տեղ չենք հասնի, այս երկրում ոչ մի բան չի փոխվի:

-Գալուստ Սահակյանը մեկնաբանեց՝ մեր ժողովուրդը չհասկացավ անկախությունը՝ արտագաղթեց:

-Ինքը հակառակն է ասել. մեր ներկայիս իշխանությունները չհասկացավ անկախության գինը ու դրա համար ժողովուրդը, ստիպված, արտագաղթում է:

-Իսկ ինչ եք կարծում՝ այս ամենը հատուկ քաղաքականության արդյունքո՞ւմ է, հիշում եք՝ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ չարտագաղթեն,որ հեղափոխությո՞ւն անեն:

-Մենակ ինքը չէ. ամեն վարչապետ, ամեն իշխանավոր եկավ, շարունակեց գործունեությունը, որը ձեռնտու էր որոշ անձերի: Գումարած այն, որ մենք Ռուսաստանի կամակատարն ենք դարձել: Բոլոր պետությունների հետ էլ կարելի է համագործակցել, բայց համագործակցել որպես՝ պետություն պետության հետ:

-Հիմա ընդունված կարծիք կա, թե հիմա ո՞ր երկիրն ունի բացարձակ ինքնիշխանություն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ անգամ որևէ հզոր երկիր: Դրա համար, շատ ավելի ձեռնտու է լինել միությունների մեջ, բլոկների՝ այս կամ այն: Այս մոտեցումներում ինչ-որ ռացիոնալ հատիկ կա՞:

-Աշխարհում անկախ պետություններ չկան: Թե՛ ֆինանսապես, թե ՛ սոցիալապես, բոլոր հարցերում պետություններն իրարից կախված են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ուրիշ պետության կամակատարը դառնանք: Սա մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, և իրենք էլ են հասկանում, որ սխալ ճանապարհ են բռնել, բայց իրենք գերադասում են իրենց իշխանությունը: Չմոռանանք, որ մենք այս անկախությունը հայ ժողովրդի զրկանքների զրկանքների ու հազարավոր քաջորդիների կյանքի գնով ու մեր համախմբվածության արդյունքում ենք ձեռք բերել:

-Ինչ-որ մի պահի հնարավո՞ր է այս ամենն ուղղել, թե անդառնալի է ամեն ինչ:

-Եթե մենք չհասկանանք սա, չուղղենք, իրոք սարսափելի կորուստներ ենք ունենալու, ընդհուպ մինչև լրիվ կորցնելու ենք մեր պետականությունը: Ու այսօր ամենավտանգավորը, կրկնում եմ, այն է, որ մեր ժողովրդի համար սա սովորական բան է դարձել, որովհետև մարդիկ գոյատևման խնդիր են առաջ բերել: Մարդուն կարող են բռնանան, ստրկացնեն. բայց մենք գիտենք, որ ստրուկներ են եղել, որ պայքարել իրենց ազատության համար: Իսկ այսօր մեր սեփական ժողովրդին տանում ենք դեպի ստրկամտություն: Սրա դեմը պետք է առնվի օր առաջ, ամեն մի գիտակից մարդ պետք է սրա մասին մտածի:

-Տեսեք՝ ռուսերենի մասին հայեցակարգ, մեր փողոցների անվանակոչության հարցում ռուսական միջամտություն, ընդհուպ մինչև օրենքի նախագիծ, որը, համաձայն մեկնաբանությունների, կարող է թույլ տալ, որ ռուսաստանցի հրամանատարը որոշի մեր ռազմամթերքի օգտագործման նպատակայնությունը: Հիմա, Ձեր կարծիքով՝ մեր իշխանություններն այս հարցում ի՞նչ պետք է անեն: Կոնկրետ:

-Կրկնում եմ՝ իշխանություններին ձեռնտու է այն, որ իրենց իշխանությունը պահելու համար բավարարեն ռուսական կողմի ցանկությունները: Մենք այսօր պետություն չենք, մեր իշխանությունները պետականամետ չեն: Ու եթե այսօր մենք որպես պետություն հանդես չգանք, բնական է, որ դրսի ուժերն էլ նման ցանկություններ կունենան: Որ ռուսական բանակը, խաղաղապահ զորքերի անվան տակ մտնի Ղարաբաղ: Ամենավտանգավորը գիտե՞ք որն է, որ մենք, թողնելով մեր Արցախ աշխարհը՝ մեր հիմնական նպատակը, մաս կազմեցինք, մտանք ԵԱՏՄ՝ առանց Արցախի: Եթե Արցախը մտներ, ուրիշ հարց էր, կարող էինք ինչ-որ քայլերի, զիջումների գնալ հանուն Արցախի միասնության: Ու առանց Արցախ ԵԱՏՄ մտնելով՝ ռուսներին էլ, ադրբեջանցիներին ասում ենք՝ Արցախը մեր տարածքային ամբողջականության մեջ չէ: Դրա համար էլ ադրբեջանցիք հոխորտում են, թե Արցախը մեր հողն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հարցազրույցը հրապարակվել է սեպտեմբերի 20-ին:




Լրահոս