վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում էր Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին համոզել, թե կառավարությունը ճիշտ ուղու վրա է` մեջբերելով տնտեսական աճի մասին վկայող ցուցանիշներ: Բայց նրա ելույթից մեկ օր անց, երբ ԱՎԾ-ն հրապարակեց հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, պարզ դարձավ` տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով:
Եւ այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր, եւ վարչապետն էլ սփյուռքահայերի առաջ ունեցած ելույթում թմբկահարել էր հենց հուլիսյան ցուցանիշները: Էլ չենք խոսում կառավարության մյուս անդամների մասին, որոնք իրենց հարցազրույցներում հպարտորեն մատնանշում էին այն՝ որպես մեծ ձեռքբերում: Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատ, այստեղ 0.9 տոկոս անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 9.2 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 2.2 տոկոսով: Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների եւ շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 եւ 8 տոկոսով: Մասնագետների պնդմամբ՝ այս անկումը շարունակվելու է մինչեւ տարեվերջ, քանի որ նախկին փորձը հաշվի առնելով՝ առաջիկա ամիսները տնտեսության համար համարվում են ոչ բարենպաստ:
Մյուս կողմից խնդիր է պետական բյուջեի հավաքագրման առումով. արդեն կասկածներ կան, որ 2017թ. բյուջեն եկամուտների մասով թերակատարման վտանգի առաջ է: Ճիշտ է՝ բյուջեի եկամուտները, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ, ավելացել են. ըստ ՊԵԿ հաշվետվության՝ այս տարվա ութ ամիսներին բյուջե մուտք է եղել 735 մլրդ 242.7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 5.8 տոկոսով ավելի է: Բայց 5.8 տոկոս աճը հետեւանք է այն բանի, որ նախորդ տարվա սկզբներին՝ հունվար-մարտ ամիսներին, եկամուտները սպասվածից քիչ էին հավաքագրվել, ընդ որում՝ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ դրանից հետո ցանկացած տեղաշարժ կարող է լուրջ աճ, լուրջ առաջընթաց համարվել: Իսկ ահա արդեն ամռան ամիսներին ե՛ւ նախորդ տարվա, ե՛ւ այս տարվա բյուջեի եկամուտներն իրենց չափերով առանձնապես չեն տարբերվում: Օրինակ՝ 2016թ. հուլիսին հավաքագրվել էր 90 մլրդ 106.3 մլն դրամ, այս տարվա նույն ամսին՝ 91 մլրդ 654,1 մլն դրամ. տարբերությունը մոտ 1.5 մլրդ դրամ է: 2016թ. օգոստոսին հավաքագրվել է 93 մլրդ 128.3 մլն դրամ, այս տարվա օգոստոսին՝ 93 մլրդ 988.2 մլն դրամ. տարբերությունը մոտ 860 մլն դրամ է:
Ու պետք է նկատենք, որ այստեղ խնդիրն ամենեւին էլ հարկային մարմինների գործունեության արդյունավետության մեջ չէ, այլ պարզապես տնտեսության ծավալները թույլ չեն տալիս հասնել ավելիին: Եւ տնտեսական աճի տեմպերի դանդաղումն արտացոլվել է նաեւ բյուջեի եկամուտների հավաքագրման վրա: Սրան գումարած փաստը, որ այս տարվա ընթացքում գերավճարները կազմել են ավելի քան 250 մլրդ դրամ, եւ սա ոչ միայն խոշոր բիզնեսի, այլեւ փոքր ու միջին ձեռնարկատերերի հաշվին: Այսինքն՝ եկամուտների հավաքագրումը գնալով ավելի ու ավելի է դժվարանում:
Առայժմ մասնագետները չեն բարձրաձայնում իրենց մտահոգությունների մասին, սակայն պաշտոնական փաստաթղթերից արդեն իսկ նկատելի է, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում տարեվերջին տհաճ անակնկալներ են սպասվում: Բանն այն է, որ 2017թ. պետական բյուջեի մասին օրենքով եկամուտները սահմանվել են 1 տրիլիոն 210 մլրդ 12 մլն դրամ: Սակայն 2016թ. դեկտեմբերի 29-ին կառավարությունը ճշգրտել է ցուցանիշները, եւ եկամուտները սահմանել 1 տրիլիոն 321 մլրդ 440.5 մլն դրամ: Հունվար-օգոստոս ամիսներին բյուջեի եկամուտները կազմել են 735 մլրդ 242,7 մլն դրամ: Այսինքն՝ ութ ամսվա մեջ հավաքագրվել է բյուջեի տարեկան ճշտված պլանի 55.6 տոկոսը, տարեկան պլանի՝ 60.7 տոկոսը: Բնականաբար, մնացած մասն էլ պետք է ապահովեն հաջորդ չորս ամիսների ընթացքում: Բայց այս դեպքում ստիպված են լինելու հավաքագրել ամսական ավելի քան 100 մլրդ դրամ, ինչը խիստ կասկածելի է, հատկապես տնտեսության՝ նման տեմպերով առաջ գնալու դեպքում: Եւ հետո՝ նախորդ տարիներին՝ տարեվերջի ամիսներին, բյուջեի եկամուտների հավաքագրումը տատանվել է միջինը 95 մլրդ դրամի սահմաններում: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ ամենալավատեսական սցենարներով անգամ 2017թ. բյուջեն չի կատարվի: Եթե, իհարկե, հրաշք չկատարվի, կամ ցուցանիշներ ապահովելու համար իշխանությունները չփորձեն դիմել հարկային տեռորի՝ ստիպելով էլ ավելի շատ գերավճարներ մուծել, կամ էլ ահռելի պետական պարտք վերցնեն այդ նպատակով:
Այնպես որ, իշխանություններին չէր խանգարի հանել վարդագույն ակնոցներն ու իրականությանը նայել բաց աչքերով. միգուցե կարողանան տեսնել իրենց անզորությունը, միգուցե հասկանան, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, առաջին հերթին՝ քաղաքական դաշտում, քանի որ այսօրվա տնտեսական պրոբլեմները հենց քաղաքական խնդիրների հետեւանքն են:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ