Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները՝ կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորում՝ նպատակ ունենալով զորամիավորման տարածքում տեղակայված 5 զորամասերի սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոնի առթիվ:
Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ:
Ելույթ ունեցավ նաեւ «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ մասնավորապես նշելով. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հայրենապա՛հ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան, ազգային բանակի ազգապա՛հ զինվորականներ, սիրելի՛ արծիվներ, Քրիստոսապա՛շտ Տեր Հայր, բազմաթիվ անգամ ելույթ եմ ունեցել ինձ համար հարազատ դարձած, մարտական ծառայություն իրականացնող պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսում և ելույթս միշտ սկսել եմ Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներով. «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»:
Ես ավելացնում եմ. «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛, իմ դավանած հայրենասիրությունը»: Նժդեհը շարունակում էր. «Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է և՛ օրհնաբեր լինել, և՛ ավերիչ»: Դո՛ւք եք օրհնաբերը, Քրիստոսապաշտ զինվորներ: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերեմ», և այդ հաղթությունը դուք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար:
Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.450-ից ավել հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:
Անկախություն, որ կերտվեց 20-րդ դարավերջին՝ արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում: Անկախություն, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները: Փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ արժանապատիվ զինվորականներ:
Միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը:
Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել Հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր Քրիստոնյա Հայաստան»:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ հայոց ազգային բանակը,
Կեցցե՛ հայոց անկախ պետությունը:
Աստված պահպանի ձեզ և ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, Սփյուռքին և հայոց սուրբ հողը»:
Խաչիկ Ասրյանը թանկարժեք նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և թանկարժեք նվերներով պարգևատրեց նաև զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, զորամասերի հրամանատարներին: «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք նվերներով պարգևատրվեցին հինգ զորամասերի մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով