Խոստովանենք` վարչապետ Կարեն Կարապետյանն իր շրջապատի համար հրաշալի ղեկավար է: Հրաշալի, որովհետեւ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո իր շրջապատին տեղավորեց յուղոտ պաշտոնների` այսպես ՀՀ պետական բյուջեի հաշվին մեծ հարստություն կուտակելու հնարավորություն ընձեռելով:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» գործունեությանը, որի ղեկավարը վարչապետի խորհրդականներից ՀՀԿ-ական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Կարեն Կարապետյանը յուղոտ պաշտոնի է տեղավորել նաեւ իր մյուս խորհրդականին` Արմեն Ավակ Ավակյանին: Նա էլ ղեկավարում է «Հայաստանի զարգացման հիմնադրամը». մի կառույց, որն ահռելի գումարներ է ստանում ՀՀ պետական բյուջեից, բայց որի արդյունավետությունը, մեղմ ասած, խիստ կասկածելի է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախորդ տարվա ՀՀ պետական բյուջեից այս հիմնադրամին հատկացվել է 409 մլն, այս տարի` 400 մլն դրամ: Գումարի մեծ մասը, բնականաբար, ուղղվել է աշխատավարձերի վճարմանը. ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ այդ հիմնադրամում, Հայաստանի չափանիշներով, աստղաբաշխական չափերի աշխատավարձ են ստանում:
Իսկ գիտե՞ք` հիմնադրամում ինչ են անում այդ գումարների դիմաց: ՀՀ կառավարության գործունեության մեկամյա հաշվետվության մեջ մանրամանս անդրադարձ կա «Հայաստանի զարգացման հիմնադրմամի» գործունեությանը: Ահա մի քանի մեջբերում. «Հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար եւ ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր եւ 4 պայմանագիր: Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն դոլարի ներդրումներ»: «Կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների: …Ընդհանուր առմամբ կանխատեսվում է մինչեւ տարեվերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր»:
Ուշադրություն դարձրեք ձեւակերպումներին` տարբեր միջոցառումներ են կազմակերպել, որից հետո «նախատեսվում է», «կանխատեսվում է» ներդրումների հոսք: Ասել է, թե այդ ծրագրերը դեռ գտնվում են խոստումների մակարդակում, ու ցանկացած պահի չի բացառվում, որ այդպես էլ մնան օդից կախված:
Բացի այդ՝ կառավարության հաշվետվությունից պարզվում է, որ գրվել են 30 ներդրումային ծրագրեր, խմբագրվել տարբեր ոլորտների 40 ծրագրեր: Այլ կերպ ասած՝ վարչապետի խորհրդականի ղեկավարած հիմնադրամը զբաղված է եղել «մի գլուխ» թուղթ մրոտելով, եւ այդպես ձեւացնելով, թե գործ են անում:
Իսկ թե ի՞նչ որակ ունեն նրանց հեղինակած ծրագրերը, դժվար չէ կռահել: Դրա համար բավական է դիտել նույն Արմեն Ավակ Ավակյանի` «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ելույթը, երբ բեմում ծափահարում էր ինքն իրեն, հետո տեղեկացնելով, որ մասնագիտությամբ բիզնես-խորհդատու է, սփյուռքահայերին սովորեցնում էր «Ի՞նչ է Հայաստանը» եւ ինչպես պատասխանել այդ հարցին:
«Եկեք, պատմենք, որ հայերս ստեղծագործ ենք: Եկեք, պատմենք, որ մենք ունենք «Թումո»…կամ էլ եկեք, ասենք, թե մենք ի՞նչ ենք ստեղծել. մենք ստեղծել ենք ավտոմատ քրեյզմիշըն տուփը, մենք ստեղծել ենք գունավոր թիվին… Խոսակցությունը պետք է փոխվի: Մենք երկիր չենք միայն, որ ունենք մշակույթ, մենք երկիր ենք, որ ունենք ստեղծարար մարդկանց… Եթե գերմանացիները ինժեներներ են աշխարհում, իտալացիները դիզայներներ են աշխարհում, ապա հայերը ստեղծարար են: Դա պիտի լինի մեր դիրքորոշումը աշխարհում:
Եթե ասում ես՝ հայ, բոլորը պիտի մտածեն` ստեղծարար ենք: Պիտի անընդհատ մենք կրկնենք»,- սրանք մեջբերումներ են Արմեն Ավակ Ավակյանի ելույթից: Իրոք հանճարեղ մտքեր են: Մինչեւ հիմա որեւէ մեկի մտքով չի անցել, որ հայերը ստեղծագործ են, որ պետք է աշխարհին անընդհատ պատմել այդ մասին ու կրկնելով «ստեղծագործ ենք»՝ համոզել, որ ներդրումներ իրականացնեն այս երկրում: Ոչ մեկի մտքով չէր անցել, ու դրա համար էլ Հայաստանում նման վիճակ է: Ու հիմա, երբ վարչապետի հանճարեղ խորհրդականը բացահայտել է այդ գաղտնիքը, մարդիկ կարող են օգտվել եւ զարգացնել երկիրը կովկասյան վագրի թռիչքներով:
Քիչ էր մնում մոռանայինք. կառավարության հաշվետվության մեջ այս հիմնադրամի գործունեության հեռանկարների մասին էլ ուշագրավ բացահայտումներ կան. «Հիմնադրամն ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամների ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ: Արդեն գործում են 9 ներկայացուցիչ, եւ մինչեւ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի»: Սա, թերեւս, ամենաուշագրավն է. բանն այն է, որ Հայաստանի բոլոր դեսպանատներում կան առեւտրային կցորդներ, որոնք էլ զբաղվում են տնտեսական համագործակցության հարցերով:
Ու հիմա նրանցից բացի՝ արտերկրում Զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ նշանակելն այլ բան չէ, քան ապտակ ՀՀ պետական գերատեսչություններին, եւ անուղղակի խոստովանություն, որ նրանք այս ոլորտում տապալվել են: Իսկ եթե այդ դիվանագետներն իրենց չեն արդարացրել, ապա կարելի է նրանց ետ կանչել, ու փոխարենը այս հիմնադրամի ներկայացուցիչներին նշանակել, եթե այդքան արդյունավետ են աշխատում, այլ ոչ թե նույն գործառույթներով երկրորդ կառույցն ունենալ՝ այդպես լրացուցիչ բեռ դառնալով պետության համար:
Ընդհանրապես, նկատելի է, որ պետական գերատեսչություններին զուգահեռ ինչ-որ մարմիններ է ստեղծում վարչապետ Կարապետյանը, որոնք բացառապես իր «տակ են»: Թե ինչ նպատակ է իրականում հետապնդում, դեռ վաղ է ասել:
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ