Դեռ երեկվանից Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում անժամկետ դասադուլ է հայտարարվել ողջ դպրոցի կողմից: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի փոխտնօրեն Գոհար Հարությունյանը:
Փոխտնօրենի խոսքով՝ դպրոցը տարիներ շարունակ զուրկ է եղել տարրական պայմաններից:
«Դպրոցում հակահիգենիկ պայմաններ են, նորմալ դասարաններ չկան, պատերը կիսաքանդ, ճաքած վիճակում են գտնվում»,-նշեց նա:
Ըստ նրա՝ 200 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում են 601 աշակերտ: Դպրոցի տնօրինությունը տարիներ շարունակ դիմել է պատկան մարմիններին` այն վերանորոգելու համար, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:
Հավելենք, որ դպրոցը գործում է 1962 թվականից և մինչ օրս ոչ մի վերանորոգման չի ենթարկվել:
Լիդա Եղիազարյան