Այսօր Թումանյանի տուն -թանգարանում մեկնարկեց 5-ամյա քարոզարշավ «Բռնությունը փոխարինենք սիրով» խորագրով: Քարոզարշավը միտված է երեխաների դեմ բռնությունը կանխարգելելուն: Միջոցառմանը ներկա էին երեխաների և կանանց դեմ բռնության պայքարի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ, իսկ Ազգային ժողովից ներկա էր Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Քարոզարշավին ներկայացվեց արշավի առաջիկա անելիքները ՝ ինչպես ձևավորել հանրության մեջ անհանդուրժողականություն բռնության նկատմամբ և ինչպես օրենսդրորեն պաշտպանել երեխայի իրավունքները:
Ի դեպ, այդ փոփոխությունները ենթադրվում է, որ պետք է կատարվեն ընտանեկան օրենսգրքում, ինչպես նաև պետք է ընդունվի ընտանեկան բռնությունների դեմ կանխարգելման օրենքը, որին դեմ են մի շարք Հասարակական կազմակերպություններ, որոնք գտնում են, որ դա դեմ է մեր ազգային մենտալիտենտին:
Սակայն միջոցառման ընթացքում մի ուշագրավ «միջադեպ» տեղի ունեցավ, ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը, մոտենալով Նաիրա Զոհրաբյանին, իր դժգոհությունը հայտնեց, թե ինչպես կարելի է երեխաներին տալ լայնածավալ իրավունքներ: Օրինակ, եթե ծնողը դաստիարակչական ապտակ է տալիս երեխային, ապա դա բացառապես երեխայի շահերից է բխում, նշելով, որ մենք անգամ ազգային երգ ունենք դաստիարակչական ծեծի մասին, որից հետո նա սկսեց Նաիրա Զոհրաբյանի համար երգ երգել. «Ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել»: