ArmLur.am-ը շարունակում է «Հիշողության թարմացում» շարքը` անդրադարձ կատարելով ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների առողջական վիճակին:
Ինչպես արդեն ArmLur.am-ը գրել էր, որ 2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը ստացել էր ծանր վիրավորում: Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել, վնասել ողնուղեղը և մի քանի ող:
Հիշեցնենք, որ Ավետիսը առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կենսաթոշակ:
Հավելենք, որ Ավետիս Զարգարյանը այս տարվա հունվարի 26-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ վերականգնողական կուրսերի:
ArmLur.am-ի հետ զրույցում Ավետիս Զարգարյանի մայրը՝ տիկին Սոնյան, պատմեց, որ երեք ամիս Ավետիսը Մոսկվայում վերականգնողական կուրսեր է անցել, ապա վերադառնալով Հայաստան` վերականգնողական կուրսերը շարունակում է Միքայելյան Բժշկական կենտրոնում:
«Վիրահատություններ ունի, բայց չափազանց հյուծվածության պատճառով անընդհատ հետաձգվում են, կազդուրվելուց հետո նոր միայն կարող է վիրահատվել»,- ասաց մայրը:
Ավետիսի մոր խոսքով՝ գրեթե ոչ մի դրական տեղաշարժ այս ամիսների ընթացքում չի եղել. «Մատները չեն շարժվում, չի քայլում, համարյա նույն վիճակն է: Ավետիսի առողջական վիճակի կայունությունը կախված է միայն Աստծուց. մենք էլ ամեն վայրկյան համառորեն պայքարում ենք»:
Հիշեցնենք, որ Զարգարյանները Հայաստանում ոչինչ չունեն, չեն աշխատում, ապրում են վարձակալված բնակարանում. «Ավետիսին ապրել է պետք, սնունդ է պետք, հազար բան կա, չգիտեմ՝ ինչ է լինելու»:
Լիդա Եղիազարյան