«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ նոր կառավարությունում պատահական մարդիկ գրեթե չկան։ Այստեղ Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները։ Արցախի կառավարության ցանկը համալրվել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությամբ, նախարար է նշանակվել Վազգեն Միքայելյանը՝ Բակո Սահակյանի աներձագը, ով նախկինում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր։ Փոխվել է էկոնոմիկայի նախարարության անունը՝ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, նախարար է նշանակվել Բակո Սահակյանի քրոջ փեսա Լեւոն Գրիգորյանը՝ փոխարինելով Անդրանիկ Խաչատրյանին:
Գրիգորյանը նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր: Մշակույթի նախարարությունը վերանվանվել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության, նախարար է նշանակվել Սերգեյ Շահվերդյանը՝ փոխարինելով Նարինե Աղաբալյանին։ Վերջինս ԿԳ եւ սպորտի նախարար է նշանակվել։ Սերգեյ Շահվերդյանը եւս պատահական մարդ չէ, Բակո Սահակյանի ազգականն է՝ նախկինում զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետն էր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: