Օրենքի խախտում չկա. Մեղրիի համայնքի ղեկավարը` դպրոցում անցկացված ՀՀԿ ժողովի և անդամատոմսերի բաժանման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armtimes.com-ը այսօր գրել էր, որ Սյունիքի մարզի Մեղրիի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 26-ին դպրոցի տնօրեն ՀՀԿ-ական Մերի Հակոբյանը դպրոցում կայացած ՀՀԿ-ի Մեղրիի շրջանային կազմակերպության առաջին նիստն է անցկացրել, որի ընթացքում ՀՀԿ-ի անդամատոմսեր են բաժանվել ուսուցիչներին:

Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը սա նորմալ երևույթ է համարում: Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում պնդեց, որ այժմ Մեղրիում նախընտրական քարոզչության ժամանակահատված չէ, սպասվող ընտրություններ չկան.

«Կանոնադրության սահմաններում շրջանային կազմակերպությունը ըստ գրաֆիկի ժողովներ է կազմակերպում: Վերընտրվում կամ փոխվում են սկզբնական կազմակերպությունների նախագահները:

Ժողովը տեղի է ունեցել ժամը երեք անց կես՝ դասերից հետո: Կոլեկտիվի 38 անդամից 21-ը Հանրապետական կուսակցության անդամ են՝ ներառյալ նոր ընդունվածները:
Մենք գտնում ենք, որ երեկ օրենքին հակասող ոչ մի բան տեղի չի ունեցել: Նախընտրական շրջանում քարոզչությունը մենք իրականացնում էինք օրենքի սահմանում: Հիմա Մեղրիում ոչ նախընտրական շրջան է, ոչ քարոզարշավ է:

Կազմակերպական կառուցվածքով Մեղրիի թիվ երկու դպրոցում բոլոր կուսակցություններն էլ իրավունք ունեն իրենց բջիջը ունենան: Այս դեպքում համընկել է. դպրոցի տնօրենը ՀՀԿ սկզբնականի քարտուղարն է», – ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ինքը նորմալ է վերաբերում նրան, որ դպրոցում նման կուսակցական ժողով է եղել և բաժանվել են կուսակցական անդամատոմսեր.

«Օգտագործվել է դպրոցի սենյակներից մեկը: Կարծում եմ, որ օրենքին հակասող բան, օրենքի խախտում չկա: Ի վերջո, ուսուցիչն իրավունք ունի իր քաղաքական հայացքներն ունենալ, կուսակցության անդամներն իրենց ժողովն են անցկացրել», – եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:

Պարոն Զաքարյանի համար ներկայացնում ենք «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը.

Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը

8-րդ կետ. Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:

Ընդգծենք, որ խոսքը գնում է քաղաքական գործունեության մասին առհասարակ և պարտադիր չէ այն իրականացվում է նախընտրական ժամանակաշրջանում, թե ոչ:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, ով Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է, սակայն վերջինս մեր հարցերին չպատասխանեց: Վերջինիս մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն ասաց, որ հարցերն իրեն գրավոր ուղարկենք, որոնց մինչ նյութի հրապարակման պահը պատասխան չենք ստացել:

Լուսինե Առաքելյան




Լրահոս