«ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված ցանկացած նախաձեռնության»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր ավարտվեց ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը: Այսպիսով, ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի:

ArmLur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրադարձությունների նման ընթացքը լիովին սպասելի էր.

«Այդ մասին թե Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն արդեն բարձրաձայնել էին: Այնպիսի Ազգային ժողով է, որը բացառապես իշխանությանն է սպասարկում, ամբողջությամբ իշխանության կողմից ձևավորված, նպատակներին համապատասխան, այդ թվում՝ «ռուսամետ» Ազգային ժողով: Նման որոշումը սպասելի էր, զարմանալի ոչինչ չկար: Եթե մենք և այն ժամանակ, և հիմա ունենայինք իսկապես ժողովրդի կողմից, այլ ոչ թե ընտրակեղծարարությամբ, ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով ընտրված պատգամավորներ, մենք այսպիսի քայլ չէինք ունենա, ունենալու դեպքում էլ այլ որոշում կկայացվեր այս իրավիճակում», – ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի համար ևս կայացված որոշումն անակնկալ չէր.

«Վերջին օրերին ակնհայտ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը, ընդ որում ոչ միայն կոալիցիայի մեջ գտնվող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, այլ նաև կոալիցիայի մեջ չմտնող «Ծառուկյան» խմբակցությունը, ակնհայտ ձայնային մեծամասնությամբ դեմ են քվեարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված ցանկացած նախաձեռնության: Արդեն 2 տարի է անցել, ինչ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել: Այս դեպքում իշխող կուսակցությունը որևէ խնդիր պետք է չունենար նման հանձնաժողով ստեղծելու և սեփական հանրությանը ապացուցելու թե ԵԱՏՄ անդամակցությանը որոշման հիմնավորվածությունը, թե հետագայում այնտեղ մնալու հանգամանքը:

Այս քվերակությունից պարզ է դառնում, որ իշխող կուսակցությունը վախ ունի, որ արդյունքները, որոնք խոստացվում էին երկու տարի առաջ, ամենևին չկան և եթե իշխանական մեծամասնությունը կողմ քվեարկեր այս հանձնաժողովի ստեղծմանը, ապա աշխատանքների ժամանակ պետք է արդարացումներ փնտրեր, թե ինչու ներդրումներ չկան, 170 մլրդ շուկայի տեսանելի արդյունքները չկան և այսպես շարունակ: Ես վաղուց ասել եմ, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում «Ելք»-ի դաշնակիցները կարող են լինել հասարակության տարբեր շրջանակները»,- ArmLur.am-ի հետ զրույցում եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս