Երկու դատավոր՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից գործուղվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ այս դատավորների գործուղման լուրը տարածվեց, սկսեցին լուրեր պտտվել, որ Արտուշ Գաբրիելյանն այլևս չի քննելու «Սասնա ծռերի» երկու քրգործերը:
«Քանի որ վարչախումբը համոզվել է, որ Արտուշ Գաբրիելյանն արդեն ի վիճակի չէ իրավիճակը հսկել և ըստ նախատեսված սցենարի գործերի քննությունը տանել, հավանաբար որոշում է կայացվել գործերից մեկի քննությունը հանձնել մի դատավորին, մեկը մյուսին», – նշում է փաստաբանը:
Վերջինս ընդգծում է, որպեսզի «Սասնա ծռերի» գործն առաջ շարժվի, բնականոն հունով, օրենքով նախատեսված ընթացակարգերով հնարավոր լինի գործն առաջ տանել, այսինքն գոնե ֆորմալ առումով համարել, որ դատարանը արդարադատություն է իրականացնում, դատավարություն է տեղի ունենում, պետք է որ օրենքի գոնե մինիմալ պահանջները պահպանվեն.
«Պետք է մեր պաշտպանյալների և փաստաբանների իրավունքները չխախտվեն, այսինքն խոսքը գնում է մինիմալ իրավունքների մասին, որոնք մինչ այս դատավարությունը երբևէ չեմ հիշում, որ խախտված լինեին կամ էլ այսպիսի զանգվածային բնույթ կրեին խախտումները: Պաշտպանյալները հեռացվում են, մեր մուտքը դատարան արհեստականորեն խոչընդոտվում է, ինչից տուժում են առաջին հերթին մեր պաշտպանյալները», – հավելում է Շուշանյանը:
Ինչ վերաբերում է դատավորի հնարավոր փոփոխությանը, փաստաբանը հավելեց.
«Եթե դատավարության ճակատագիրը տնօրինողներին թվում է, որ Արտուշ Գաբրիելյանը կամային թույլ որակների կրող է և եթե իրենք նշանակեն մի քիչ ավելի խիստ, իրավիճակը վերահսկելուն ունակ մեկին, ապա նման կերպ հնարավոր կլինի դատավարությունը առաջ տանել, չարաչար սխալվում են, որովհետև առավելագույնը որ իրենք կարող են անել, այն է՝ հեռացնեն մեր պաշտպանյալներին, մեզ զրկեն նրանց պաշտպանելու հնարավորությունից և փոխարենը նշանակեն հանրային պաշտպան: Այս սցենարն առաջ տանելու որևէ խնդիր չկար նաև Արտուշ Գաբրիելյանի պարագայում», – եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:
Լուսինե Առաքելյան