«Մոլեխաղ» բառի՝ Գալուստ Սահակյանի մեկնությունները. ՀՀԿ-ում մեծ պահանջարկ կունենա, ավելի շատ, քան Նժդեհի հատորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ, այս խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն ամբողջությամբ նվիրվել է օրինաստեղծ աշխատանքին: Նա կարճ ժամանակում միայնակ կամ գործընկերների հետ հասցրել է հեղինակել 9 օրինագիծ: Դրանց մեջ ամենաուշագրավը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների առաջարկն է` իր հիմնավորումներով, որը սակայն դեռ չի քննարկվել ու չի ընդգրկվել ԱԺ օրակարգ:

Եւ այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածը վերաբերում է զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրանց մասնակցելուն: Ու հիմա Գալուստ Սահակյանն առաջարկել է, որպեսզի քրեական օրենսգրքում հստակեցվի մոլեղախ հասկացությունը` նշված հոդվածում 5-րդ կետ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի իմաստով մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջեւ կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»:
Մի քանի տողանոց նախագծին հետեւում է չորս էջանոց հիմնավորումների շարքը: Սա, թերեւս, ամենաուշագրավն է. այն հիշեցնում է մոլեխաղերի մասին հանրագիտարանային տեղեկությունների ձեռնարկ, որտեղ տրված է ե՛ւ այդ բառի բացատրությունը, ե՛ւ այդ երեւույթի նկատմամբ միջազգային օրենսդրական փորձը: Բացակայում էր, սակայն, մոլեխաղի ամենահայտնի սիրահարների անունների շարքը, բայց դա հոգ չէ. կարելի է գտնել համացանցում:

Ինչեւէ, մի քանի մեջբերում Գրիգորիչի ներկայացրած փաստաթղթից: Սկզբում իմանում ենք, որ «Քաղաքացիական հասարակությունում «մոլեխաղերի» ի հայտ գալուց եւ դրանց լայն տարածումից հետո պետության պոզիտիվ պարտականությունն է դարձել պաշտպանել հանրության բարոյականության սկզբունքը, ինչպես նաեւ ապահովել անձանց իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման անթույլատրելիությունը»:

Ըստ այդմ, շատ երկրներում ոչ թե արգելվում, այլ նշված իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում թույլատրվում է անցկացնել մոլեխաղեր կամ այլ շահումով խաղեր, այդ առումով բացառություն չէ նաեւ Հայաստանը: Հետո տեղեկանում ենք նաեւ, որ կան երկրներ, որոնք քրեական օրենսդրությամբ արգելում են մոլեխաղերի մասնակցությունը, կազմակերպումը կամ դրանց այլ կերպ աջակցումը: Օրինակ` ՌԴ-ն, Մոլդովան, Ֆրանսիան: Իսկ ահա հետխորհրդային մի շարք երկներ` Ուկրաինա, Բելոռուս, Վրաստան եւ այլն, քրեական օրենսդրությամբ որպես զիվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն չեն նախատեսել մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը:

Հետո արդեն օրինագծի հիմնավորումների մեջ մանրամասն ներկայացված է «մոլեխաղ» բառի բացատրությունը: Ըստ այդմ. ««Մոլեխաղ» եզրույթը լեզվաբանական տարբեր հիմքեր ունի: Օրինակ` հայերենում «մոլեխաղ» նշանակում է այնպիսի խաղ, որտեղ հաղթելը կամ պարտվելը կախված է պատահականությունից, ոչ թե խաղացողի հմտություններից, ֆրանսերենում` «jeu de hazard», անգլերենում` «gambling» բառերը նշանակում են պատահականության վրա հիմնված խաղ, ռուսերենում` «азартная игра» բառը եկել է «азардовать» բառից, որը նշանակում է ռիսկի դիմել: Տեսական գրականությունում առկա «մոլեխաղ» եզրույթի տարաբնույթ սահմանումների ուսումնասիրության արդյունքում կարելի է առանձնացնել դրա ընդհանուր հատկանիշները` ռիսկի վրա հիմնված համաձայնություն, այդպիսի համաձայնությունը կնքվում է երկու կամ ավելի անձանց միջեւ, այն կնքվում է շահումի վերաբերյալ, այսինքն` տվյալ համաձայնությունը ունի գույքային առավելություն ձեռք բերելու նպատակ:

Քանի որ համաձայնությունը կնքվում է շահումի` որոշակի գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որեւէ այլ առավելության վերաբերյալ, ուստի ռիսկը ենթադրում է նաեւ գույքային անբարենպաստ հետեւանքների առաջացման եւ դրամական միջոցների կորստի հավանականություն: Դրամական միջոցները անհրաժեշտ պայման են ռիսկի ձեւավորման համար, սակայն պետք է նշել, որ շատ դեպքերում այդպիսի միջոցները առարկայապես չեն արտահայտվում, այսինքն` խաղացողների կողմից համաձայնություն կնքելու պահին դրամական միջոցները փաստացի բացակայում են, բայց ռիսկը ապահովված է համարվում արդեն իսկ կնքված համաձայնությամբ սահմանված գումարի չափով: Կարեւոր պայման է երկու կամ ավելի անձանց առկայությունը, որովհետեւ անձը չի կարող ինքն իր նկատմամբ ձեռք բերել գույքային առավելություններ, եւ նման պայմաններում ռիսկը չի կարող հիմնված լինել սեփական գույքի կորստի վրա: Ավելին՝ «համաձայնություն» բառը արդեն իսկ ենթադրում է երկու կամ ավելի անձանց կամքի դրսեւորում: Մոլեխաղին թեկուզ մեկ անգամ մասնակցելը կամ մեկ անգամ մոլեխաղ կազմակերպելը արդեն իսկ ենթադրում է ավարտված հանցագործություն: Արարքի ավարտը պետք է կախված լինի գործողությունների բնույթից ու դրանց նպատակից` գույքային կամ այլ առավելություն ձեռք բերելուց, ոչ թե կատարված գործողությունների քանակից ու պարբերականությունից»:

Ափսոս, որ Գալուստ Գրիգորիչն այս ամենը շարադրելիս չի ներկայացրել համապատասխան հղումները` մասնագիտական գրականության ցանկը: Այսպես միգուցե հնարավոր լիներ պարզել Գրիգորիչի կուսակից ընկերների` ՀՀԿ-ականների կողմից ամենաշատ ընթերցված գրքերի ցուցակը: Իսկ միգուցե Գրիգորիչն այս ողջ տեղեկատվությունը հավաքել է կուսակիցների հետ շփումների արդյունքում` նրանց անձնական փորձը ուսումնասիրելիս: Ի՞նչ իմանաս: Ամեն դեպքում, արժեր նաեւ այս աշխատանքի վրա մի փոքր ջանք թափել ու փոքր ձեռնարկի տեսքով հրատարակել. վստահ ենք` այն ՀՀԿ-ում մեծ պահանջարկ կունենա, ավելի շատ, քան Նժդեհի հատորները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս