Իշխանությունները սարսափի մեջ են ԵԱՏՄ-ի հետ կապված ցանկացած փորձագիտական ուսումնասիրությունից. Դանիել Իոաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ-ում սեպտեմբերի 27-ին կայացել է ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը: Հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախաձեռնությունը մերժվել է:

«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց.

«Սա սպասելի որոշում էր, քանի որ իշխանությունները որևէ փաստարկ, վստահություն չունեն, որ այս հանձնաժողովը ԵԱՏՄ-ի օգտին խոսող եզրակացություն կտա: Նրանք ուղղակի վախեցած են հանձնաժողովի ստեղծման հեռանկարից, գաղափարից, որովհետև այդ հանձնաժողովը փորձագիտական մակարդակով ցույց կտա իշխանությունների սխալ քաղաքականությունը: Դրա համար էլ իշխանություններն ահ ու սարսափի մեջ են ցանկացած փորձագիտական ուսումնասիրությունից»,- ասաց Իոաննիսյանը:

Վերջինս նշում է, որ իրենց կազմակերպությունը Ֆինանսների նախարարություն հարցում է ուղարկել՝ խնդրելով հայտնել իրենց ձեռքի տակ եղած բոլոր ուսումնասիրությունները` կապված ԵԱՏՄ-ից Հայաստանի ունեցած օգուտների մասին:

«Ի պատասխան` մենք ստացանք, որ միակ ուսումնասիրությունը Վարդան Արամյանի 2015 թվականի հոդվածն է: Պետք է ասեմ, որ նախ 2015 թվականը երկու տարի առաջ էր, որի ընթացքում շատ բան է փոխվել, և երկրորդը Վարդան Արամյանն իր հոդվածում 4 բաղադրիչ է հաշվարկում, որոնցում կան ակնհայտ հակագիտական տարրեր է պարունակում: Շատ դիլենտանտական ուսումնասիրության տպավորություն է ստեղծվում:

Նշեմ , որ որևէ որակյալ և գիտական ուսումնասիրություն չկա այն մասին, թե ԵՏՄ-ն ինչ օգուտներ է տվել Հայաստանին: Չկա նաև այնպիսի գիտական հետազոտություն, թե Հայաստանը ինչ վնասներ է կրել: Այս առումով շատ կարևոր էր, որ լիներ ինչ որ փորձագիտական մարմին, որ խորացված կուսումնասիրեր և կտար այդ հարցերի պատասխանները, բայց իշխանությունները դրանից վախենում են: Դա խոսում է այն մասին, որ նրանք գիտեն, թե ինչ եզրահանգման է գալու այդ հանձնաժողովը», – եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս