ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Երևանի ոստիկանապետին, որպեսզի պարզի, թե ինչու ոստիկաններն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ընդհարվել է թունելի եզրակալներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից վարորդ Ա.Արշակյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից կատարվել է դեպքի վայրի և վթարի մասնակից ավտոմեքենաների զննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի կիսակցորդը բեռնված է եղել սննդով և վթարի հետևանքով պարկերը թափվել են տվյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, դրա շրջակայքում:

Նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել նաև դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, որոնց համաձայն մի կին դեպքի վայրից վերցրել է թափված մակարոնի պարկերից մեկը և անարգել հեռացել, իսկ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ։

Այսօր միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու և խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:




Լրահոս