Տեւական ժամանակ է` Շիրակի պետական համալսարանի շուրջ բորբոքված թեժ կրքերը չեն հանդարտվում: Նշենք, որ համալսարանի երկու դասախոսներ` Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով հայտնել էին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի ոչ մասնագիտական գործունեության մասին:
Իսկ երեկ էլ մոտ 100 ուսանող անժամկետ դասադուլ արեց:
Նամակում դասախոսները նշել են, որ «…ռեկտորը 1 տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների»: Նամակի հրապարակումից ժամեր անց արտահերթ նիստում բուհի գիտխորհուրդը անվստահություն է հայտնել պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնում ԺՊ Հովհաննես Խորիկյանի նկատմամբ: Իսկ մյուս դժգոհող դասախոսը` Գագիկ Համբարյանը, երեկ լուսանկարներ հրապարակեց այն մասին, որ ռեկտորը ոչնչացրել է բուհի գրադարանը:
Մյուս կողմից Սահակ Մինասյանը հայտարարում է, որ դասախոսների բաց նամակում բերված թվերը եւ տեղեկությունները այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը դասախոսների եւ ռեկտորի միջեւ ստեղծված հակամարտությանը հեռվից է հետեւում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պետք է այցելեր Շիրակի պետական համալսարան: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ նա ընդամենը հեռախոսազրույց է ունեցել Մինասյանի հետ եւ հանդիմանել նրան տեղի ունեցածի համար: Թե կոնկրետ ինչ է ասել նախարարը, ռեկտորը հրաժարվեց ասել` նշելով. «Ես ոչ մեկին հաշվետու չեմ ասելու, թե ինչ եմ խոսել կամ ում հետ: Միջադեպ էր, անցավ, գնաց…»,- ու անջատեց հեռախոսը:
Վերջինս ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Նա պատրաստվում էր առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն գործող իշխանությունը նրան դա թույլ չտվեց: ՏԻՄ ընտրություններում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելուց հետո ՀՀԿ-ն որոշեց ինչ-որ չափով շահել նաեւ Մինասյանի սիրտը: Եւ կարճ ժամանակ անց նա նշանակվեց ռեկտոր: Ընտրություններին Սահակ Մինասյանը պատգամավոր Արման Սահակյանի շտաբի ղեկավարն էր: Ըստ լուրերի` ռեկտորի թիկունքին կանգնած է պատգամավորը:
Բացի այս՝ տեսակետ է շրջանառվում այն մասին, որ այս ամենի հետեւում կանգնած է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը, ով պրոռեկտորն է, եւ հավակնում է ռեկտորի պաշտոնին: Այս հարցին եւս ռեկտորը խուսափեց պատասխանել:
Սյունէ Համբարձումյան