Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը նոր խնդրի առաջ է կանգնեցրել հարակից համայնքների բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պատրաստվում է առաջիկայում ավելի քան 70 վարորդի աշխատանքից ազատել: Արդեն երկու ամիս է, ինչ վարորդները այս խնդրի շուրջ բողոքում են, սակայն պատկան կառույցները, իմանալով ամեն ինչի մասին, ոչինչ չեն ձեռնարկում:
Գերշահույթների հանքը
Տեղեկացնենք, որ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերությունների խումբը: Այն մետաղների արդյունահանում է իրականացնում Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքներում: Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են` Սոթքի ոսկու հանքավայրը, 220 կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկան եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ի դեպ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի արդյունահանման թույլտվության վերջնաժամկետը մինչեւ 2028 թվականն է:
Տեղեկացնենք, որ Սոթքի հանքավայրի մշակման հիմնական տեխնիկական ցուցանիշների համաձայն` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տարեկան շահույթն այս հանքավայրից կազմում է 78,2 մլն դոլար: Ընկերությունը 2011-2016թթ.-ին կատարել է 159 մլն դոլարի ներդրում, իսկ 2017թ.-ին նախատեսվում է եւս 10 մլն դոլարի ներդրում: Ստացվում է, որ ընկերությունը 2 տարվա շահույթով բոլոր ներդրումները վաղուց հետ է բերել:
Եւ չնայած այն բանին, որ ընկերությունը տարիներ շարունակ շահույթներ է ապահովում` անխնա օգտագործելով մեր բնությունը, հիմա էլ սկսել է իր քմահաճույքով մարդկանց ազատել աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել երկար տարիներ Սոթքի հանքավայրի հետ աշխատող վարորդները: Նրանց պատմելով՝ իրենց բեռնատարներով բեռնափոխադրումներ են իրականացրել, որի համար վճարվել են հանքավայրը շահագործող ընկերության կողմից:
Ով է հուշել մեքենաներ բերել
Իսկ ինչո՞ւ է ոսկու հանքը 70 վարորդի ազատում աշխատանքից: Ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ 30 այլ մեծ ավտոմեքենաներ են բերելու, որով էլ կշարունակեն իրենց աշխատանքը: Այսինքն՝ 70 վարորդի փոխարեն իրենք 30-ի կարիքն ունեն: Ու հիմա լարված իրավիճակ է ստեղծվել Վարդենիսում:
«Մենք 10 տարուց ավելի է, անգամ հնդիկ հանքարդյունաբերողների հետ ենք աշխատել: Այդ ինչ եղավ, որ նախկինում մեզ հետ աշխատելը ձեռնտու էր, իսկ հիմա` ոչ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց վարորդներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում:
«Էդ ո՞վ է իրենց գլխի գցել, որ ձեռնտու չէ մեր աշխատանքը: Մեզ հետ չաշխատելու դեպքում, մեր նախնական եւ մոտավոր հաշվարկներով, ընդամենը մոտ 20 հազար դոլարի տնտեսում են ունենալու: Բայց այդ տնտեսած 20 հազար դոլարը հանքը շահագործող ընկերության համար ոչ մի բան է՝ համեմատած եկամուտների մեջ»,- վրդովված նկատեց մեկ այլ վարորդ:
Դժգոհող վարորդներից մեկն էլ, անդրադառնալով թեմային, անկեղծացավ. «Մենք չղջիկություն չենք անում, հանքից ոչինչ չենք գողանում, մեր արդար քրտինքով աշխատում ու տուն ենք պահում: Ինչու են մեզ խանգարում, ինչու են ուզում մեր հացին վայիս լինել…»:
Նրանցից մեկը զրույցի ընթացքում նկատեց, որ այս հարցին պետք է լուրջ մոտենալ. «Իրենք մեր մարզում են աշխատում, մեր սարերի օդն են աղտոտում, գետերում ապրող կենդանիները սատկում են, ավելացել է տարածքի բնակիչների շրջանում սրտանոթային հիվանդությամբ տառապողների թիվը: Բայց դրա դիմաց ոչինչ չենք ուզում հանքից, մի աշխատանքի տեղ է, կոպեկների չափ աշխատավարձ են տալիս մարդկանց: Չենք ներելու»:
Կպայքարեն մինչեւ վերջ
Վարորդները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ առաջիկայում իրենք բողոքի ակցիա են իրականացնելու մարզպետարանի շենքի առջեւ: Իսկ եթե իրենց հարցին լուծում չտրվի, ապա բողոքի ակցիան տեղափոխելու են մայրաքաղաք: «Էդ ոնց ա, որ նույն ընկերությունը Ագարակում հանք է շահագործում եւ բոլոր բնակիչների սրտի վիրահատությունների համար գումար է տալիս, մարդիկ անվճար վիրահատվում են: Իսկ վարդենիսցիները, որ իրար թիկունք չեն կանգնում, դրա համար մեզ անտեսում են: Մենք այս հարցը այսպես չենք թողնելու: Էս մեր հացի խնդիրն է:
Ճանապարհ էլ կփակենք, ամեն ծայրահեղ միջոցի կդիմենք, չի կարող ռուսը գալ ու որոշել, որ էսօր իրեն ըսենց է ձեռնտու: Կարող է՝ նույն հաջողությամբ վաղը գա ու հայտարարի` ոչ մի վարդենիսցի չի աշխատելու, ռուս եմ բերելու աշխատացնեմ: Ո՞ւր է նայում մեր կառավարությունը, մեր իրավունքներն ո՞վ պետք է պաշտպանի…»,- դժգոհեց մեկ այլ վարորդը:
Պետության ներկայացուցիչների վիզը ծուռ է
Իսկ ի՞նչ են արել խնդրի առնչությամբ պետական մարմինները: Արդյո՞ք նրանք համարձակվել են ռուս հանքատերերի առջեւ պայման դնել, պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, թե՞ բավարարվել են նրանց կողմից տարբեր ակցիաների շրջանակներում բաշխված «բարիքներով»:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց նախ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում լուծել օդից կախված 70 ընտանիքի հարցը: «Մենք ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվել ենք հանդիպել: Վարորդները ինձ դիմել են, բողոքել են, խոսել եմ հանքավայրը շահագործող ընկերության հետ, բայց էնտեղից ինձ ասում են՝ նման բան չկա: Պետք է հանդիպեմ, խոսեմ, տեսնեմ՝ ինչ է իրականում եղել: Հավանաբար չորեքշաբթի օրը կհանդիպենք»:
Ի՞նչ է արել վարորդների համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Նա ասաց. «Երբ ընկերության հետ կնքած պայմանագիրը խզելու ժամանակը կգա, մենք կմիջնորդենք, կխնդրենք, որպեսզի մեր վարորդները այնտեղ անցնեն աշխատանքի»:
Այսինքն՝ վարորդները պետք է Աստծո հույսին սպասեն, մինչեւ ժամանակը գա, եւ մարզպետը խնդրի հանքատերերին: Ու չի բացառվում՝ խնդրանքը մերժվի:
Ի՞նչ բացատրություն ունեն հանքատերերը
«Ժողովուրդ»-ը փորձեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունից պարզաբանումներ ստանալ: Մամուլի հարցերով պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը ղեկավարության հետ ճշգրտումներից հետո հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հաջորդ տարի խզել այն ընկերության հետ կնքած պայմանագիրը, որի վարորդները իրականացնում են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի բեռնափողադրումները:
«Պատճառն այն է, որ մենք գնել ենք մեր տեխնիկան: Եւ տնտեսելու տեսանկյունից ավելի ձեռնտու է օգտագործել մեր տեխնիկական միավորումները, այլ ոչ թե վերցնել այլ ընկերության տեխնիկան»,- ներկայացրեց Ռ. Գրիգորյանը: Հարցին` արդյո՞ք 70 վարորդներն էլ կապահովվեն աշխատանքով, մամուլի պատասխանատուն ասաց. «Ես չգիտեմ: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատել մեր տեխնիկական միավորումներում, կարող են դիմել»:
Նկատենք, որ հանքավայրի սեփականատերերը 30 մեքենա են բերել, այսինքն՝ լավագույն դեպքում 70 վարորդից 30-ը աշխատանք կունենան, այն էլ հարցական է՝ կունենա՞ն, թե՞ ոչ:
Ու սա այն պայմաններում, որ ռուսական ընկերությունը անխնա շահագործում է մեր երկրի բնական ռեսուրսները, հնարավորինս ցածր հարկեր եւ տուրքեր վճարելով՝ օգտագործում է օգտակար հանածոները: Փորձը ցույց է տալիս, որ այս ամենից հետո նման ընկերությունները հեռանում են մեր երկրից՝ մեծ վնաս հասցնելով երկրի շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը: Այդպես չէին վարվի, եթե բարձրաստիճան պաշտոնյաները չաջակցեին նրանց ընդերքի թալանի հարցում:
Սյունէ Համբարձումյան