2017թ.-ի սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 15-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, ով կարևորեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին:
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլոր այն հաստատություններին, ովքեր այսօր ոսկե բանալին են ստացել, բայց նաև հորդորեց բոլորին լինել հետևողական և վճռական՝ տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում:
ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.
Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Շիրակի մարզպետարանը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը։
Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայքը՝ www.geo-fund.am:
Ոսկե բանալի մրցանակը տրվեց ծրագրի ղեկավար Լիլիա Շուշանյանին:
Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի նախագահ Զարուհի Բաթոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող հանրային գործիչ ճանաչվեց Անահիտ Բախշյանը: Ոսկե բանալին նրան շնորհեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը:
Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանը: Նրան մրցանակը հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց Հետք առցանց լրատվամիջոցը: Մրցանակը շնորհեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիյուն։
Այս տարի առաջին անգամ ԻԱԿ-ի կողմից Հատուկ մրցանակ շնորհվեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանին՝ որպես տեղեկատվության տրամադրումն ամենաարագն ու արդյունավետն ապահովող պատասխանատու:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, տրվեց Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես 2017թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-մարմին:
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար» ծրագրի շրջանակներում: