Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:
Սերյոժան 16 տարեկան է: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար:
Մշտական բնակության վայր չունենալով՝ Սերյոժան վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է պատահական շինարարություններում, գիշերել է Հրազդանի կիրճում…
Ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր:
Դեպքի օրը ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:
Տուժողները դեպքի պահին 47-48 տարեկան էին…
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Սերյոժան Հրազդանի կիրճում ծանոթացել է իրենից մեծ երկու տղամարդու՝ Լևոնի ու Արսենի հետ: Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:
Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:
Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, քար է վերցրել գետնից ու սկսել է հարվածել Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:
Մյուս տղամարդը՝ Արսեն Պ.-ն, տեսնելով, թե Սերյոժան ինչպես է Լևոնի գլխին հարվածներ հասցնում քարով, փորձել է միջամտել: Սերյոժան իր ողջ ցասումը պարպել է Արսենի վրա՝ նրան հարվածներ հասցնելով քարով ու ձեռքով: Քարով հիմնականում հարվածներ է հասցրել Արսենի գլխին ու, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրան սպանել է տեղում: Արսենի գլխի շրջանի այնքան վնասվածքներ էին թվարկված մեղադրական եզրակացության մեջ, որ կարելի է ասել՝ 16-ամյա տղան քարով ուղղակի ջախջախել էր իրենից երեք անգամ մեծ տղամարդու գլուխը:
Սերյոժան դատապարտվել է 9 տարի ժամկետով: