Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը ըստ նրա պաշտոնական հայտարարագրի ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 5 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ Հանիսյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 298 հազար 170 դրամ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Արտակ Հանիսյանը Երեւանի ավագանու 2009 թվականի մարտի 4-ի ընտրություններում ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում:
Նա ՀՀԿ թեկնածուների թվում 77-րդն էր: Ի դեպ, այն ժամանակ Արտակ Հանիսյանն աշխատում էր «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում` որպես առաքիչ-վարորդ: Նա այն ժամանակ նաեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ էր:
Ուսումնասիրելով փաստերը` նկատեցինք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածությունը միշտ «առաջարկել է» Միհրան Պողոսյանը: Չէ՞ որ Հանիսյանի նախորդը` Գեւորգ Ղազարյանը ժամանակին աշխատել է որպես Հայաստանի Գլխավոր հարկադիր ծառայողի` այսինքն` Միհրան Պողոսյանի օգնական եւ համարվում էր նրա դրածոն: Հետաքրքիր է, թե այժմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ում է նշանակելու Տարոն Մարգարյանը, կամ կհաջողվի՞ առհասարակ նրան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ազատել Միհրան Պողոսյանի կադրերից:
Ինչպես հայտնի է` քիչ առաջ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից:
Ըստ նշված հոդվածի`աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձեւակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը եւ աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
Ս.Հ.