Հարկային տեսուչը մեղադրանքը չի ընդունում. ի՞նչ հիմնավորումներ կներկայացնի դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի տեսուչի գործով նախաքննությունը ավարտվեց, եւ գործը մտավ դատարան:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսին կալանավորվել էր ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է, եւ չի բացառվում, որ ձերբակալված տեսուչը քննության շրջանակներում իրեն ջրից չոր դուրս գալու համար վերադասի՝ Վարդան Մամիկոնյանի անունը տա՝ կատարվածի պատասխանատվությունը փորձելով նրա վրա բարդել:

Ինչեւէ: 4 ամիս տեւած քննությունից հետո իրավապահները ավարտեցին Թաթուլ Գեւորգյանի մասով քննությունը եւ բացահայտեցին, որ նա լինելով հարկային տեսուչ, տեղեկացված լինելով՝ հիշյալ ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում գործող, սակայն հարկային մարմնում չգրանցված առեւտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների առկայության մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չի կատարել իր պարտականությունները:

Ասել է, թե իրեն հայտնի ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, հարկային պարտավորությունները չկատարող տնտեսվարող սուբյեկտներին չի հաշվառել եւ վարչական պատասխանատվության չի ենթարկել: Ավելին՝ իրավապահները բացահայտել են, որ նա համապատասխան ձեռնարկատերերից կաշառք է վերցրել՝ նրանց գործունեությունը սքողելու համար:

Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի` կաշառք ստանալ, եւ 308-րդ հոդվածի առաջին մասի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը հատկանիշներով:

Ի՞նչ է մտածում այս ամենի մասին հարկայինի տեսուչ Գեւորգյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Իսկ թե ինչ հիմնավորումներ կներկայացնի դատարանում՝ հակադրվելով իրավապահների բացահայտումներին, պարզ կլինի դատաքննության ընթացքում:

Քնար Մանուկյան




Լրահոս