Բուհերի շուրջ աղմուկը չի դադարում: Դեռեւս 2016 թվականին ազգային անվտանգության ծառայությունը աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց մի շարք ոչ պետական բուհերի ռեկտորների գործունեության մասով, թե ինչպես էին նրանք բուհ չհաճախած ուսանողներին դիպլոմներ վաճառել:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի 27-ին ԱԱԾ-ն հորդորով դիմել էր կրթության եւ գիտության նախարարությանը, որ միջոցներ ձեռնարկի ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ:
Պատճառը ոչ պետական 3 բուհերի կողմից դասընթացներին չմասնակցած, առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելն է:
Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ Հայաստանի եւ այլ երկրների 20 քաղաքացու կեղծ դիպլոմներ են վաճառվել:
Սակայն դեռեւս երեք ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության կողմից հնչած հորդորները՝ ուղղված կրթության եւ գիտության նախարարությանը, նմանօրինակ դրսեւորումները վերացնելու մասով, որեւէ օգուտ չեն տվել:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ իրավապահները «Հայբուսակ» համալսարանի մասով քննություն են իրականացնում: Եվ այսպես, ըստ մեր տեղեկությունների, իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ բուհը ոչ օրինական ճանապարհով եւ ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել:
Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարում:
Մեզ հաջողվեց պարզել, որ դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, իսկ թե հետո ինչ բացահայտումներ կլինեն, եւ ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանի հետ:
-Տիկի՛ն Հարությունյան, իրավապահները «Հայբուսակ» համալսարանի գործունեության հետ կապված քննություն են սկսել, թե ինչպես են օտարերկրյա ուսանողները բուհ ընդունվել: Իրավապահները կասկածներ ունեն, որ կեղծիքներ են իրականացվել: Ի՞նչ է կատարվում:
-Շուրջ երեք տարի առաջ մեզ դիմել է մի օտարերկրացի ուսանող՝ ներկայացնելով երկու տարվա ակադեմիական տեղեկանք եւ ընդունվել է համալսարանի երրորդ կուրս: Մենք հարցում ենք իրականացրել եւ մեր հարցումից հետո ստացել ենք պատասխան, որ նա երկու տարի չի սովորել, այլ ընդամենը մեկ տարի:
Արդյունքում, իրեն ազատել ենք ու առաջարկել սովորել համապատասխան կուրսում, այսինքն՝ երկրորդ կուրսում: Նա չի համաձայնել, եւ նրան ազատել ենք համալսարանից: Ամիսներ անց, հստակ չեմ հիշում, մեզ հարցում են արել իրավապահները այդ ուսանողի վերաբերյալ, որոնց մենք պատասխանել ենք: Այդքան բան:
-Այսինքն՝ վստա՞հ եք, որ բուհի ռեկտորը կամ այլ անձինք կեղծիքի չեն գնացել եւ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ ուսանողներ չեն ընդունել բուհ:
-Երբեւէ նման խնդիր չի եղել: Մենք այսօր ընդունել ենք Իսրայելի առողջապահության փոխնախարարին, ինչպես գիտեք՝ պատվիրակությունը Երեւանում է, այսօր եղել են մեզ մոտ: Իրենք Հայաստանի վերաբերյալ մտավախություններ ունեին, բայց լսելով ուսանողների կարծիքները՝ իրենց հարցերը տալով՝ շատ հետաքրքիր, ջերմ զրույց են ունեցել:
-Իրավապահները չեն բացառում, որ բուհը հարկային պարտավորությունների մասով եւս խնդիրներ ունի: Այս մասով եւս ՀՀ քննչական կոմիտեում քննություն է ընթանում, այս մասին ի՞նչ կասեք:
-Բացարձակ նման խնդիր չկա: Մենք մեր հարկային պարտավորությունները իրականացնում ենք բարեխղճորեն, որոնց մասին գիտեն հարկային մարմինները:
Քնար Մանուկյան