Ոսկեվանի բժշկական ամբուլատորիայի շենքը նվեր են տվել, սակայն դրա դիմաց խոստացված ներդրումը չի կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հոկտեմբերի 2-ին սահմանամերձ Ոսկեվան գյուղի բժշկական ամբուլատորիայի նախկին շենքը պայմանագրով որպես նվիրատվություն տրվել է «Սլովակիա» ՍՊԸ-ին: Դրա դիմաց ՍՊԸ-ն պարտավորվել էր 1 տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, վերանորոգված շենքում գարեջրի, հոնի օղու գործարան գործարկել: Ներդրումները Սլովակիայից պիտի լինեին:

Նվիրատվություն հանձնված շենքը նորոգվել է, այնտեղ նաեւ նոր շենք է կառուցվել, «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ շինարարության համար ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար: Պայմանագրով նախատեսված ժամկետը վաղուց անցել է, սակայն գործարանը չի աշխատում: Ս. Բարսեղյանի վկայությամբ` իրենք Սլովակիայում գնել են գարեջրի արտադրության սարքավորումները, որոնք պետք է ներկրվեն Ոսկեվան:

Ինչո՞ւ մինչ օրս չեն կատարվել ստանձնած պարտավորությունները: Նա ասաց, որ պատճառը ադրբեջանական գնդակոծությունից հետո նշված շենքի կրած վնասներն են, որի համար իրենք պետբյուջեից դրամական փոխհատուցում չեն ստացել:

Ոսկեվանում գարեջրի եւ հոնի օղու գործարան աշխատեցնելու ծրագիրը շատերին անիրատեսական է թվում: 2017թ. օգոստոսի 30-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստի հարցերից մեկը վերաբերում էր Ոսկեվանի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ 2014թ. հոկտեմբերի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը վերանայելուն: Ոսկեվանը 2016թ-ից մաս է կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի:

Ս. Բարսեղյանն ավագանուն առաջարկեց ամբուլատորիայի վերանորոգված շենքի տարածքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա» ՍՊԸ-ին, սակայն ավագանին մերժեց: Նոյեմբերյանի ավագանու անդամները քվեարկությամբ միաձայն որոշեցին՝ «Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու աշխատանքային պլան, ժամանակացույց, դրանք չներկայացնելու, աշխատանքային պլանը եւ ժամանակացույցը խախտելու դեպքում լուծել այդ ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը:

Նոյեմբերյանի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ Ս. Բարսեղյանը համայնքապետարանից վերցրել է նշված որոշման քաղվածքը, սակայն գործարանը աշխատեցնելու աշխատանքային պլան եւ ժամանակացույց դեռեւս չի ներկայացրել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս