Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնի Հայաստան կատարած իր այցելության մասին տեսաուղերձ է տարածել: Այս մասին հայտնում է Երևանում Բրիտանական դեսպանությունը: Տեսաուղերձում ասվում է.
«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում: Սա իմ առաջին այցն է Երևան: Երեկ ես օգտակար քաղաքական քննարկումներով հագեցած օր ունեցա: Օգտվելով առիթից՝ ես վերհաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը կառավարությանը և այն սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը տանում են դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, և ես ակնկալում եմ Հայաստանը տեսնել որպես շատ ուժեղ և բարեկեցիկ երկիր:
Ես նաև հայտարարեցի մի բանի մասին, որն է՛լ ավելի կմիավորի մեր կառավարություններին: Խոսքը տարեկան չորս միլիոն ֆունտի մասին է, այս և հաջորդ տարիների համար, որը կտրամադրվի «Լավ կառավարման հիմնադրամ»-ից՝ օգնելով Հայաստանին դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին: Բացի այդ, ես քննարկեցի, թե ինչպես կարող է ՄԹ առևտրի նորանշանակ հանձնակատարը՝ Մարկ Փրիթչարդը, որը մի քանի օրից կայցելի Հայաստան, խթանել առևտրաշրջանառությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև:
Տարածաշրջանային անչափ կարևոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս ես վստահեցրեցի կառավարությանը, որ մենք ցանկանում ենք այնտեղ տեսնել տևական, խաղաղ լուծում և վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր աշխատում են այս ուղղությամբ:
Մինչ Հայաստան գալս ես լսել էի հայերի լեգենդար հյուրընկալության մասին, և ուրախ եմ ասել, որ վերջին մեկ-երկու օրերի ընթացքում վայելում էի այդ հյուրընկալությունը: Շատ կցանկանայի ևս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այն ընդունելության համար, որ ունեցա այստեղ: Ու քանի որ հասցրել եմ նաև մի քանի բան սովորել, կցանկանայի ասել՝ «Ես շատ ուրախ էի Հայաստանում գտնվել: Շնորհակալություն» (հայերենով)»: