ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսուհետ պետք է գնել միայն ԵՏՄ երկրների արտադրանքը. վերադարձ ԽՍՀՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. կավարտվի ԵԱՏՄ-ում Հայաստանի համար սահմանված մաքսային արտոնությունների ժամկետը:

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 759 անուն ապրանքների համար սահմանվում է անցումային շրջանում, եւ այդ ընթացքում Հայաստանը կշարունակի ներկրել գործող մաքսային դրույքաչափերով (օրինակ՝ կարագ, շաքարավազ, շոկոլադ, սուրճ, միս եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների համար):

Ու միայն անցումային շրջանի ավարտից հետո այդ դրույքաչափերը կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ-ում գործող չափերին: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, 16 անուն ապրանքատեսակի մաքսատուրքի համապատասխանեցման վերջնաժամկետ է նշված այս տարին, եւս 14 ապրանքի դեպքում՝ 2018-ը, իսկ գործընթացն ամբողջությամբ պետք է ավարտվի 2020 թվականին:

Այս ամենն իր հետեւից բերելու է գնաճի նոր ալիք, քանի որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը ԵԱՏՄ-ում բարձր են: Իշխանությունները, իհարկե, այս ընթացքոում հոգացել են, որ մաքսատուրքերի՝ ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը, դրա հետեւանքով սպասվող գնաճը կտրուկ չլինի:

Ի վերջո, 2017թ. ապրիլին տեղի ունեցան խորհրդարանական, իսկ մայիսին՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններ, ու իշխանություններին հարկավոր էր, որ հնարավորինս զսպեն հասարակական դժգոհությունները: Այս երկու տարվա ընթացքում մաքսային դրույքաչափերը բարձրացրել են քիչ-քիչ, աննկատ: Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ԵԱՏՄ եւ արտաքին առեւտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ներմուծողներին նաեւ հնարավորություն է տրվել փոխել շուկան եւ ներկրելու համար գտնել ավելի հարմար տարբերակ: «Չի կարելի ասել, թե գները բարձրանալու են, իսկ եթե բարձրանալու էլ են, ապա 2-3, առավելագույնը՝ 5 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ այս առումով ցնցումներ չեն լինի.

«Մենք անցումային դրույթները գնահատել ենք եւ մեղմորեն ենք բարձրացրել: Եթե տվյալ ապրանքի համար մինչեւ 2019թ. մաքսադրույթը պետք է բարձրանար 5 տոկոսով, մենք 2016-ին բարձրացրել ենք 1 տոկոս, 2017-ին՝ 2 տոկոս, նոր 2018-ին կբարձրացնենք 3 տոկոս: Այսինքն՝ այդ ամենը արվել է մեղմորեն, որպեսզի ե՛ւ սպառողի, ե՛ւ ներմուծողի վրա մեծ անդրադարձ չունենա:

Ու բացի այդ՝ հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք այդ ընթացքում փորձել ենք շուկան մեծացնել»: Նա նաեւ նշեց, թե ԵԱՏՄ-ում պարբերաբար քննարկում են տարբեր ապրանքների ներկրման դեպքում մաքսատուրքերը ժամանակավորապես իջեցնելու հարցը: «Որոշումները կարող է՝ 2-3 տարվա համար կայացվեն, բայց հետո կարող է եւ դրանց ժամկետը երկարացվի»,- ասաց նա: Նկատենք, սակայն, որ ժամանակավոր բնույթ կրող որոշումները դեռ երաշխիք չեն, որ մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով գնաճ չի լինի. ի վերջո, ժամանակավոր որոշումները ցանկացած պահի կարող են վերանայվել ու անվավեր ճանաչվել, կամ դրանց ժամկետի ավարտից հետո չերկարաձգվել:

Մինչ այդ տիկին Կարապետյանը նաեւ տեղեկացրեց՝ մաքսատուրքերի բարձրացումը կարող է ազդել երրորդ երկրներից ներդրված այնպիսի ապրանքների վրա, որոնցից արտադրվում է նաեւ ԵԱՏՄ երկրներում: Հետեւաբար սպառողները կարող են օգտվել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքից:

Միայն թե նման հեռանկարը տնտեսության համար մեկ ուրիշ վտանգ է ներկայացնում. այսպես հաստատուն քայլերով Հայաստանը գլորվում է խորհրդային անցյալ, երբ մարդիկ ստիպված էին սպառել տեղական արտադրանքը, եւ արդյունքում՝ տնտեսության մեջ չկար մրցակցություն, զարգացման մակարդակով խորհրդային արտադրատեսակները մի քանի անգամ զիջում էին արտերկրում արտադրվողներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս