Կարճաղբյուրում 40 ընտանիք մնացել է «օդում կախված»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել: Գյուղի ավելի քան 40 ընտանիք խնդրի առաջ է կանգնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարդիկ հիմա չեն կարողանում սեփականաշնորհել այն տները, որտեղ ապրում են դեռեւս 1970 թվականից սկսած: Պատճառն այն է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը թույլ չի տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ տարածքները, որոնք Կարճաղբյուրի բնակիչները օգտագործում են եւ այդտեղ բնակելի տներ են կառուցել, պատկանում են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Հիմա ավելի քան 40 ընտանիք մտադիր է սեփականաշնորհել իր տունը, բայց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը չի թույլատրում: Նրանք ոչ մի գործարք չեն կարողանում իրականացնել, քանի որ օդում կախված են: Այս մարդկանց խնդիրը տարիներ շարունակ լուծում չի գտնում:
Կարճաղբյուրի բնակիչ Էդգարը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքն այդ տարածքում տուն է կառուցել, եւ տասը տարի է, ինչ ընտանիքի հետ այդտեղ ապրում է: Ավելին՝ նա այդ տարածքը 1990 թվականին գումարով է ձեռք բերել:

«Այս հարցով դիմել ենք ե՛ւ գյուղապետարան, ե՛ւ մարզպետարան, ե՛ւ բնապահպանության նախարարություն, բայց առարկայական ոչ մի պատասխան չենք ստացել: Անորոշ է: Կան ցանկապատված տարածքներ, կան բնակելի տներ: Իմը բնակելի տուն է, որտեղ ես տասը տարի է՝ ապրում եմ: Այդ տարածքները մութ ու ցուրտ տարիներին բաժանել են ժողովրդին, չգիտեմ, թե ով ոնց: Ես իմ նման մարդուց այդ տարածքը գնել եմ: Գումարը տվել, գնել եմ ու փաստի առաջ եմ կանգնած: Հիմա ուզում եմ սեփականաշնորհեմ, բայց թույլ չեն տալիս: Գրանցված ենք այստեղ, կոմունալ վարձերը այստեղի հասցեով ենք վճարում, բայց փաստացի օդում կախված ենք»,- պատմեց կարճաղբյուրցի Էդգարը:

Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս թեմայի շուրջ ՀՀ բնապահպանության նախարարությունից նույնիսկ ներկայացուցիչներ են այցելել գյուղ: «Եկան, տեսան, թե քանի տնտեսություն է, քանի հեկտար հողատարածք է: Այդ մարդիկ այդտեղ ապրում են, այդ հողատարածքները օգտագործում են 70-ականներից: Այս խնդիրը ներկայացրել ենք բնապահպանության նախարարին, բայց նախարարի մոտից ձեն-ձուն դուրս չի գալիս: Չգիտեմ, թե ինչն է պատճառը: Նախկին մարզպետը (խոսքը ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի մասին է) խոստացավ, որ մի բան կանի, բայց չստացվեց: Ներկայիս մարզպետը` Կարեն Բոթոյանը եւս խոստացել է, որ այս հարցը կլուծի: Տեսնենք»,- ներկայացրեց գյուղապետը:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացատրեց, որ տարածքը նախկինում Սեւանա լճից ազատված գրունտ է, այսինքն՝ միշտ այն եղել է ՊՈԱԿ-ի կազմում, բայց գյուղացիների կողմից դրանք երկար տարիներ օգտագործվել են: «Հողատարածքների օգտագործման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն չի եղել ՊՈԱԿ-ի եւ բնակիչների միջեւ: Ամբողջ մեր արխիվում նմանատիպ փաստաթուղթ չկա, որտեղ նշված լինի, որ այն ժամանակավորապես տրվել է բնակիչներին»,- լրացրեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը:

Ապա բացատրեց, որ խորհրդային տարիներին, երբ Սեւանա լճի մակարդակը արհեստական ճանապարհով փորձել են իջեցնել, այդ տարածքն ազատվել է: «Լճի մի որոշ հատված ջրածածկվելու է, եթե լճի մակարդակի բարձրացում եղավ, ապա, իմ կարծիքով, այն չպետք է կառուցապատվի կամ օրտարվի այլ անձանց կողմից: Բայց նման որոշում կայացնելու իրավունքը իմը չէ: Այժմ այդ հարցը քննարկվում է, եւ առաջին անգամը չէ, որ այդ հարցը բարձրացվում է: Նրբություններ կան, որովհետեւ եթե լճի մակարդակը կրկին բարձրանա ու հետ գա նորից նախկին վիճակին, ապա պետք չէ, որ այնտեղ բնակելի տուն լինի»,- բացատրեց ՊՈԱԿ-ի տնօրենը:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այս հարցը պատկան մարմինների, մասնագետների, փորձագետների կողմից քննարկվում է: «Եթե որոշվի, որ այդ հողերը ՊՈԱԿ-ի տարածքից դուրս գան, դա միայն կարվի ազգային պարկի նոր կառավարման պլանների կազմման ժամանակ, որովհետեւ պետությունը, բացի տեղական օրենքներն ու իրավական ակտերը, որոնցով պարտավորություն է կրում բնության պահպանության համար, կան նաեւ միջազգային նորմեր ու փաստաթղթեր, որոնցով պետությունը պարտավոր է ապահովել Սեւանա լճի պահպանությունը»,- նկատեց Գուլանյանը` միաժամանակ նշելով, որ այն բավականին աշխատատար գործընթացը է եւ կարող է երկար տեւել:

Ըստ նրա` ԲՆ-ն ինչ որոշում էլ կայացնի, այն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին չպետք է հակասի եւ լճի պահպանմանը չխոչընդոտի:

Ինչ է մտածում այս մասին բնապահպանության նախարարությունը հարցին նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը հայտարարեց. «Աշխատանքային խումբ կա ստեղծված, որը քննարկումներ է անում: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նոր կառավարման պլանի շրջանակում կանդրադառնան այս հարցին եւ երկու կողմերի համար ընդունելի տարբերակներ կգտնեն»:
Այսպիսով՝ 1970 թվականից այս հարցը քննարկվում է, փոխանցվում սերնդեսերունդ եւ այդպես էլ լուծում չի ստանում: Գոնե անկախ, ապահով Հայաստանում մարդիկ կարողանան իրենց սեփական տունը ձեւակերպել կամ փոխարենը նորը ստանալ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս