Ժիրայր Սէֆիլյանի նամակի շուրջ նոր զարգացումներ են ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի նամակի շուրջ նոր զարգացումներ են ընթանում: Ինչպես հայտնի է՝ Սէֆիլյանը նամակով դիմել է հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ընդդիմադիր դաշտում նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Ընդ որում, Սէֆիլյանն առանձնացրել է գերակա խնդիրներն ու անուն առ անուն թվել այն մարդկանց, ում միջոցով տեսնում է այդ քայլերի կատարումը:

Թվարկելով այն հասարակական-քաղաքական գործիչների անունները, ում տեսնում է այդ պայքարում, Սէֆիլյանը գործիչ Թամար Հովհաննիսյանին եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին հանձնարարել է ստանձնել ցուցակում նշված գործիչներին համախմբելու եւ ճակատի ձեւավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հարցում արդեն իսկ զարգացումներ կան: Մասնավորապես Պետրոս Մակեյանն այս օրերին զրույցներ եւ հանդիպումներ է ունեցել ցուցակում նշված մի քանի անձանց հետ, փորձել հասկանալ, թե ինչպես կարող են իրագործել Սէֆիլյանի նամակում նշված քայլերը, ով ինչ է մտածում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոս Մակեյանը հաստատեց, որ արդեն իսկ այս հարցում որոշակի ակտիվություն կա, եւ ինքը փորձում է կապ հաստատել բոլոր անձանց հետ, ում անունները Սէֆիլյանը նշել է: «Քանի որ ժիրայր Սէֆիլյանն ինձ և Թամար Հովհաննիսյանին է վստահել համախմբելու առաքելությունը, այս օրերին փորձում եմ կապ հաստատել եւ իրականացնել դա», – նշեց Մակեյանը՝ դեռեւս խուսափելով անուններ նշելուց, թե ում հետ է հանդիպել կամ զրուցել:

Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ նախաձեռնող խմբի անդամներն արդեն իսկ հանդիպել են քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ, ով համաձայնել է մաս կազմել ցանկացած գործընթացի: Սէֆիլյանի կողմից հրապարակված ցանկում առկա է նաեւ հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի անունը. նրա եւ նախաձեռնող խմբի անդամների միջեւ եւս քննարկումներ եղել են, սակայն մեր տեղեկություններով՝ Մարտիրոսյանի համար այնքան էլ ընդունելի չեն ցուցակում տեղ գտած որոշ անձինք, ում հետ նա չի ցանկանում նույն գործընթացի մեջ լինել: Մեր տեղեկություններով՝ շատերն են այդպես պատասխանել նախաձեռնող խմբի անդամներին. ցուցակում տեղ գտած այս կամ այն անձինք մեկը մյուսին հաճելի չեն: Այս առումով նախաձեռնող խմբի անդամներին հեշտ օրեր չեն սպասվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս