Beeline-ը ևՄայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են հեռահաղորդակցության ոլորտի «Հեքըթոն» մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի նպատակն է խրախուսել տեխնոլոգիական ձեռներեցներին՝ մշակել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով` http://bit.ly/2xFAiJn
Հեռահաղորդակցության «Հեքըթոն» միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի այն կանցկացվի հոկտեմբերի 20-21-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրում։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 24 ժամերի ընթացքում պետք է մշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։ Հայաստանյան հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներից կազմված ժյուրինմրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին` կորոշի լավագույններին:Ընտրության չափանիշ է լինելու 24 ժամում կատարված աշխատանքը, ինչպես նաև գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ Հաղթող թիմերը կստանան 3000 և 2000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:
«21 դարում բիզնեսը՝ հատկապես հեռահաղորդակցության ոլորտում չի կարող արդյունավետ զարգանալ առանց նորարար գաղափարների։ Իսկ նմանատիպ միջոցառումները լավ առիթ են հավաքվելու և առողջ մրցակցության մթնոլորտում հետաքրքիր լուծումներ գտնելու։ Հուսով եմ, որ այս հեքըթոնի արդյունքում իրոք արժեքավոր գաղափարներ կծնվեն, որոնք հետագայում կօգնեն բոլորի կյանքը դարձնել ավելի լավը»,–նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline Հայաստանի հետ անցկացված հեռահաղորդակցության հեքըթոնի նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ այս ոլորտում կան բազմաթիվ ուղղություններ, որոնք կարող են ունենալ արդյունավետորեն աշխատող տեխնոլոգիական ու նորարար լուծումներ։ Վստահ եմ, որ ընտրված թիմերը կառաջարկեն հետաքրքիր լուծումներ, որոնք հետագայում կարող են դառնալ մրցունակ պրոդուկտներ», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության ոլորտի այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն իրենց լուծումներ։
«Հեքըթոն» մրցույթում գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։