Սեպտեմբերի 29-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եգիպտոսի ներդրումային և միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրին և նրան ուղեկցող պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Եգիպտոսի հետ իր բազմաբովնադակ հարաբերությունների զարգացմանը և վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Եգիպտոսն իր համար առանաձնահատուկ նշանակություն ունի, քանի որ պատիվ է ունեցել որպես Հայաստանի առաջին դեսպան երկար տարիներ ներկայացնել իր երկիրը Եգիպտոսում։ Նա կարևորեց հայ-եգիպտական ավանդաբար բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերը և այդ համատեքստում արժևորեց միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
Շնորհակալություն հայտնելով ըդնունելության համար՝ Եգիպտոսի ներդրումային եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը ներկայացրեց այս օրերին Երևանում ընթացող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքները՝ շեշտելով նիստի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովի կարևորությունը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-եգիպտական օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության խորացման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթության և մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էր զբոսաշրջության խթանումը։ Այս համատեքստում կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը և ուղիղ չվերթների առկայությունը։