«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել, եւ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը:
Արտաշատը ուշադրության կենտրոնում էր, քանի որ նախկին քաղաքապետը կայացած խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն էր: Արտաշատն ավանդաբար համարվում էր Աբրահամյանների ազդեցության գոտին, իսկ վերջին շրջանում շատ են շրջանառվում խոսակցությունները, որ հիմա Արարատի մարզում «հարցեր լուծողները» դարձել են մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ովքեր ուզում են իրենց ազդեցությունը տարածել նաեւ Արտաշատում: Ու երբ Արգամ Աբրահամյանը տեղափոխվեց ԱԺ, Հովիկ Աբրահամյանն էլ այլեւս «մայր գետից պոկված փոքր առվակի» կարգավիճակին է արժանացել, առավել հետաքրքիր էր դառնում՝ Աբրահամյանները «կհանձնե՞ն» Արտաշատը, թե՞ ոչ:
Սկզբում խոսակցություններ կային, որ Աբրահամյանների թեկնածուն կայանալիք համայնքապետի ընտրություններում կլինի նրանց ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Վերջինս փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել, թե ինչու, որեւէ պարզաբանում չեղավ: Փոխարենը մամուլը գրեց, որ Արտաշատում ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը վերջապես համաձայնության են եկել, եւ որ Գագիկ Պողոսյանը հրաժարական է տվել, Աբրահամյանները դա զիջում չեն համարում, այլ ՀՀԿ-ի առաջադրած երիտասարդ թեկնածուն ընդունելի թեկնածու է կողմերի համար:
ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատասխանելով armtimes.com-ի հարցին, թե արդյոք այլ ուժերի հետ թեկնածուների հարցում համաձայնության են եկել, պատասխանել էր, թե ինքն այլ թեկնածուների մասին տեղեկություններ չունի, իսկ մեր հարցին՝ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հրաժարականը որքանո՞վ կապ ուներ թեկնածուի հարցում ՀՀԿ վերջնական դիրքորոշման հետ, պատասխանել էր, թե Պողոսյանի հրաժարականը հենց Պողոսյանի գործն է եւ ինքը տեղյակ չէ այդ հրաժարականից:
Այս ամբողջ «գլուխկոտրուկի» վերաբերյալ ինչ-որ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել հենց Արգամ Աբրահամյանի հետ, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը, սեպտեմբերի 27-ին ԲՀԿ-ից մեզ ասացին, որ վերջնական որոշում չկա Արտաշատում թեկնածու ունենալ-չունենալու հարցում, բայց ավելի հավանական է, որ իրենք թեկնածու չեն ունենա:
Ու քանի որ բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր լինելուց, Արգամ Աբրահամյանին ԲՀԿ-ի հետ կապում է նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան լինելու փաստը, եւ ենթադրվում էր, որ Աբրահամյանների թեկնածուի քաղաքական թիկունքը պետք է «Ծառուկյան» դաշինքը դառնար, սա կնշանակի, որ Աբրահամյանները, ամենայն հավանականությամբ, Արտաշատում իրենց թեկնածուն չեն ունենա:
Բացի դրանից, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս Ազգային Ժողովում հանդիպում ու առանձնազրույց են ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը: Թե ինչ թեմայով են նրանք խոսել, մեր աղբյուրը չգիտեր, բայց, ենթադրվում է, այդ խոսակցությունը եղել է Արտաշատի առաջիկա ընտրությունների թեմայով: Ուշագրավ է, որ հենց այդ զրույցից հետո Գագիկ Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ ՀՀԿ-ն արդեն վերջնական որոշեց, որ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի Կարեն Բենիամինյանը:
Ըստ ամենայնի, Աբրահամյաններն ու ՀՀԿ-ն իսկապես համաձայնության են եկել Արտաշատում քաղաքապետի թեկնածուի հարցում: Ամեն դեպքում, տարբեր հանրապետականների հետ շփումներից հասկանալի է՝ ՀՀԿ-ում վստահ են, որ Արտաշատում խնդիրներ չեն ունենալու»:
Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: