Գլխավոր դատախազին չենք կաշկանդում, այլ հանրային մասնակցությունն ենք ապահովում. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Քննարկումները բավական երկար տեւեցին, եւ հանձնաժողովների անդամները մի շարք առարկություններ ունեին, եւ որոշում կայացվեց լրամշակել նախագիծը:

Նշենք, որ նախագծում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ այսուհետ գլխավոր դատախազի տեղակալները ընտրվելու են մրցույթի միջոցով: Ինչպես հայտնի է` մինչ այժմ նրանք նշանակվում էին գլխավոր դատախազի առաջարկությամբ` ՀՀ նախագահի հրամանով:
Նախագծի շուրջ մի շարք մտահոգություններ ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

-Պարո՛ն Կոստանյան, հանձնաժողովի նիստում քննարկվեց «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այս պահին տեսնո՞ւմ եք այս օրենքի փոփոխության անհրաժեշտությունը:

-Խնդիրը կարգավորումների մեջ է: Այսինքն՝ կարեւոր է, որ գլխավոր դատախազ, տեղակալներ, սովորական դատախազներ, այսինքն՝ վերադասության, ստորադասության հարցերը հստակ լինեն: Այսինքն՝ իմ խնդիրը ոչ թե լիազորությունների ավել կամ պակասն է, այլ խնդիրն այն է, որ հստակ լինեն բոլորի հարաբերությունները մեկը մյուսի հետ: Ես՝ որպես նախկին գլխավոր դատախազ, դա կարեւոր եմ համարում եւ կարող եմ ասել, որ երբ կարգավորումները հստակ չեն, դա մեխանիկորեն հանգեցնում է այս կամ այն օղակի կողմից թերացումների կամ իր լիազորություններն այլ կերպ ընկալելուն եւ իրականացնելուն: Հիմա լավ հնարավորություն է, որպեսզի դատախազական համակարգում բոլորն ունենան իրենց պատկերացումներն ու լիազորություններն իրենց գիտելիքների սահմաններում եւ իրար մեջ փոխհարաբերություններում: Խնդիրը սրա մեջ է:

-Այս օրենքով կանոնակարգվում է նաեւ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման հարցը, եւ այսուհետ նրանք ընտրվելու են մրցութային կարգով, իսկ մինչ այդ նրանց նշանակում էր երկրի ղեկավարը` գլխավոր դատախազի առաջարկությամբ: Այս փոփոխությունը դրակա՞ն է:

-Ասեմ, թե ինչու է այդպես ճիշտ: Գլխավոր դատախազի տեղակալը չափազանց կարեւոր սուբյեկտ է, դրա համար էլ դատախազության համակարգում ինքը միակ սուբյեկտն է, որին գլխավոր դատախազի ներկայությամբ երկրի նախագահն է նշանակում: Այսինքն, դուք պատկերացրեք` իր կարեւորությունն այնքան էր, որ գլխավոր դատախազը չէր կարող նշանակել նրան: Ինքը կարող էր նշանակել ցանկացած դատախազի՝ բացի իր տեղակալներից, քանի որ նրանց նշանակում էր հանրապետության նախագահը: Հիմա այս կարգով նախատեսվում է, որ գլխավոր դատախազը նշանակի իր տեղակալներին` դատախազների կազմից ում ուզում է, եթե չնշանակեց որեւէ մեկին, նոր մրցույթ գնա:

Իմ առաջարկը հակառակ ուղղությունն է. իսկ ինչով է դա պայմանավորված. նախ մենք պետական ապարատների ձեւավորման բազմաթիվ այլ մարմիններում ունենք սխեմա, որը հակառակն է, այսինքն` դու պետք է մրցույթ անես, եթե ոչ ոք չհաղթի, նոր դու իրավունք ես ստանում նշանակել նրան, ում դու կամենում ես: Հիմա դատախազի տեղակալի մասով ինչ-որ հակառակն է: Տրամաբանությունն ինձ համար մի քիչ անհասկանալի է՝ հաշվի առնելով երկու կարեւոր հանգամանք: Հանգամանք առաջին` գլխավոր դատախազի տեղակալի կարեւորությամբ պայմանավորված, քանի որ նա այն մարդն է, ով ամեն պահի կարող է փոխարինել գլխավոր դատախազին: Այսինքն՝ ինքը եւս պետք է ունենա հանրային վստահության եւ ընկալելիության որոշակի չափանիշ, եւ, ամենակարեւորը, դա հենց գլխավոր դատախազին է անհրաժեշտ, որպեսզի իր տեղակալը լինի հանրային վստահություն վայելող անձ:

Իսկ մրցութային կարգը դրա հնարավորությունը տալիս է: Այսինքն՝ մրցույթի իմաստն այն է, որ հենց հանրությունը տեսնի` ով է դառնալու գլխավոր դատախազի տեղակալ, եւ նաեւ գլխավոր դատախազը հավաստիանա այդ սուբյեկտի հանրային ընկալման, ողջամտության բոլոր կանոնների մեջ: Այո՛, հնարավոր է այնպիսի տարբերակ, որ մրցույթում հաղթեն երեք հոգի, գլխավոր դատախազին իրավունք վերապահեն՝ երեքից մեկին նշանակեն: Սա ողջամիտ է, եւ պետական կառավարման մեջ դա ընդունված որոշում է: Այսպես գլխավոր դատախազին չենք կաշկանդում եւ միեւնույն ժամանակ հանրային մասնակցությունն ենք ապահովում:

-Դուք Ձեր ելույթում բարձրաձայնեցիք նաեւ այն հանգամանքի մասին, որ այս փոփոխությամբ գլխավոր դատախազի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն նրա տեղակալը:

-Հենց դրա համար եմ ես նաեւ առաջարկում, որ լավ կլինի` տեղակալը հանրային վստահություն եւ գլխավոր դատախազից որոշակի անկախություն ունենա, որովհետեւ նա միակ սուբյեկտն է, ով գլխավոր դատախազի նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացնել: Հիմա հիպոթետիկ պատկերացրեք, որ գլխավոր դատախազը կատարում է չափազանց ծանր հանցագործություն, միակ սուբյեկտը, ով պետք է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցի, իր կողմից միանձնյա նշանակված դատախազն է: Այսինքն՝ մենք գործնականում երբեւէ չենք ունենալու նման հնարավորություն: Դրա համար եմ ասում` քրեական հետապնդման հարուցման ինստիտուտը համադրելով գլխավոր դատախազի տեղակալի նշանակման կարգի հետ, ես խնդիր եմ տեսնում:

-Ամեն դեպքում, անհրաժեշտ կարգավորումներից հետո Դուք կո՞ղմ եք օրենքի փոփոխությանը:

-Միանշանակ եւ ես հիմա էլ եմ կողմ: Սակայն այս օրենքում շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Որովհետեւ դատախազությունը պետական ապարատի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող ինստիտուտ է եւ այն պետք է լինի բացարձակ կանոնակարգված բոլոր առումներով, որովհետեւ այդ ինստիտուտում միջին օղակի որեւէ խնդրի ոչ պատշաճ կանոնակարգվածությունը մեխանիկորեն հանգեցնելու է ամբողջ ինստիտուտի առնվազն հեղինակազրկմանը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս