Մանվել Գրիգորյանի հովանավորյալի սպառնալիքների հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հովանավորյալ Արամ Բեյբությանի սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր. 117-րդ հոդվածի` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, եւ 137 հոդվածի` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, սպառնալիքը հատկանիշներով:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` հավելելով, որ գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե:

Գրել էինք, որ դեռեւս 2016 թվականին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Արամ Բեյբությանը առեւանգել էր ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող ընկերության միկրոավտոբուս, եւ այդ արարքի համար դատարանը նրան տուգանել էր 180 հազար դրամով, որը հրաժարվել էր մուծել:

Եվ ահա գումարի չվճարելն էլ նրան դրդել էր նոր քայլի, եւ նա սեպտեմբերի 10-ին գնացել էր նախկին պատգամավորին պատկանող ընկերության տարածք եւ սպառնացել պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն էր կատարում, իսկ ավելի ուշ հարուցվեց քրեական գործ:




Լրահոս