Էվա Խաչատրյանը՝ բանտի «գողական» աղջիկ. «Սուպեր մամա 2»-ը նոր անակնկալներ է խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ից մեծ էկրաններ կբարձրանա «Սուպեր մամա-2» ֆիլմը։ Համացանցում արդեն հայտնվել է կատակերգության թրեյլերը, որից կարող ենք եզրակացնել, որ դերասանական կազմն առանձնապես չի փոխվել, որոշ առումով պահպանվել է նաեւ սյուժետային գիծը, սակայն, ինչ խոսք,ակնդիրներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, հումորով համեմված թեժ զարգացումներ։ Թրեյլերից պարզ է դառնում նաեւ, որ ֆիլմում խաղում է դերասանուհի Էվա Խաչատրյանը, որը մարմնավորում է բանտի «գողական» աղջկա։

Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ մեծ հաճույքով է մարմնավորել այդ կերպարը եւ ոչ մի դժվարություն չի ունեցել նրա հետ ադապտացվելու հարցում։ Կամերային թատրոնի դերասանուհին խոսել է նաեւ սպասվելիք նոր ներկայացման՝ «Կաբարեի» մասին, որը կմատուցվի բոլորովին նոր ձեւով։

-Էվա՛, «Սուպեր մամա-2»-ում Ձեր դերում, որքանով տեղյակ ենք, պետք է նկարահանվեր ուրիշը, սակայն իրադարձությունների ընթացքն այնպես դասավորվեց, որ դերը, այսպես ասած, երկար շրջապտույտից հետ եկավ ու նորից բաժին հասավ Ձեզ։ Գո՞հ եք արդյունքից։ Կարողացա՞ք հաշտվել կրիմինալ կերպարի հետ։

-Դերասանի գործը հենց տվյալ կերպարի հոգեվիճակի մեջ մտնելն է։ Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն բան ստացվեց։ «Սուպեր մամայի» թիմի հետ աշխատող յուրաքանչյուր դերասան, վստահ եմ, հաճույք է ստանում իր աշխատանքից, քանի որ գործ է ունենում պրոֆեսիոնալների հետ։ Այդ հանգամանքը բերում է լավագույն արդյունքի։

-Ձեր կերպարը կերտելուց առաջ բանտային կյանքին ծանոթացե՞լ եք, նմանատիպ կերպարների ուսումնասիրե՞լ եք։

-Այս ֆիլմի դեպքում դրա կարիքը չկար, ռեժիսորն ուներ բոլոր հարցերի պատասխանները, որոնք կարող էին ծնվել։ Իհարկե, պետք չէ նաեւ իրականությունից հեռանալ, քանի որ ֆիլմը կատակերգություն է։ Յուրաքանչյուրս մեր դերը կերտելիս բերել ենք մեր անհատական մոտեցումն ու բնավորությունը։ Դերասանը որքան էլ հեռանա ինքն իրենից, միեւնույն է՝ էկրան է տանում իր ներքին ազդակները։ Ես չեմ ընդունում, երբ ասում են, թե դերասանը խաղում է։ Ի՞նչ է նշանակում խաղալ, վերապրման արվեստ գոյություն ունի։ Էմոցիան, հագուստը, շարժուձեւը, մյուս դետալները միաձուլվում են եւ դառնում կերպար։ Ի դեպ, ֆիլմի նկարահանումներից մի քանի օր առաջ մեկնել էի Մոսկվա եւ երբ վերադարձա, երկու օր ունեի, որպեսզի պատրաստվեի եւ լծվեի աշխատանքի։ Այդ ընթացքում, պատկերացրեք, հասցրեցի ծանոթանալ սցենարին, մտնել դերիս մեջ եւ այլն։

-Էվա՛, նշել եք, որ իրանական ֆիլմում նկարահանվելու հնարավորություն եք ստացել։ Կպատմե՞ք այդ մասին։

-Այո՛, դեռ քասթինգի փուլում եմ, ֆիլմի կազմն է հավաքագրվում։ Նշեմ, որ ֆիլմը զուտ իրանական արտադրանք է լինելու, հայերին առնչվող պատմություն չի շոշափվելու։ Դեռ պատասխան չեմ ստացել՝ անցել եմ քասթինգը, թե ոչ։ Սպասենք, տեսնենք՝ ինչպես կստացվի։

-Իսկ Կամերային թատրոնում նոր ներկայացում լինելո՞ւ է, Դուք ի՞նչ զբաղվածություն ունեք։

-Այո՛, աշխատում ենք «Կաբարե» ներկայացման վրա, որը մատուցվելու է ամբողջովին նոր ձեւով։ Այժմ փորձեր ենք իրականացնում։ Հիշեցնեմ, որ երկար տարիներ շարունակ մեր թատրոնի խաղացանկում եղել է համանուն ներկայացում, որը, սակայն, որեւէ կապ չունի նոր բեմադրության հետ։ Վերջինս երաժշտական է, պարային, ունի նաեւ շոուի տարրեր։ Նոր «Կաբարեում» նաեւ դերասանական կազմի, հագուստների ու լույսերի փոփոխություն կա։

-Էվա՛, վերջերս կրկին մեկնել էիք Միացյալ Նահանգներ։ Այդ երկրի հետ Ձեզ կապում են գործնակա՞ն, թե՞ անձնական ծրագրեր։

-ԱՄՆ մեկնել էի երկրորդ անգամ՝ հանգստանալու եւ շրջագայելու համար։ Նաեւ պետք է մասնակցեի ընկերներիցս մեկի հարսանեկան արարողությանը։ Հուսամ՝ առաջիկայում էլի կլինեմ այնտեղ, մեծ ցանկություն ունեմ լինելու հատկապես Նյու Յորքում։ Աստված առաջ։

Անի Անտոնյան




Լրահոս