Մենք կարիք չունենք ինչ-որ մեկի հետ գնալու. Զարուհի Փոստանջյանը միայնակ կպայքարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց համահայկական ընդվզման իր «ճանապարհային քարտեզը»: Ինչպես հայտնի է՝ Զարուհի Փոստանջյանն այդ նպատակով սկսել է մարզային հանդիպումներ, որի միջոցով փորձում է մարդկանց հորդորել պատրաստվել ընդվզման օրվան: Համահայկական ընդվզման վերջնական նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելն է, որից հետո համահայկական ժողով տեղի կունենա, եւ կձեւավորվի նոր կառավարություն: Սակայն ինչպե՞ս են Զարուհի Փոստանջյանին ընդունում քաղաքացիները. օրերս նա իր կուսակիցների հետ եղել է Կոտայքի մարզում եւ Դիլիջան քաղաքում:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան, Ձեր մարզային այցեր շարունակվում են, ի՞նչ կարող ենք արձանագրել: Խորհրդարանական ընտրություններից հետո ժողովուրդը պատրա՞ստ է ընդվզման, թե՞ հիասթափված է:

-Ընդհանրապես մենք ընտրությունների մասին չենք էլ խոսել: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ կա բեւեռացված երկու կարծիք. մեկը, որ միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու, եւ մեկ այլ բեւեռ էլ կա, որ մի օր պայթելու է: Երկու կարծիքներ են եւ երկուսն էլ ծայրահեղ են: Չեմ կարող միանշանակ ասել, թե որ բեւեռն է գերակշռում, բայց մարդիկ սպասում են փոփոխության: Ճիշտ է՝ կա մտահոգություն եւ հուսախաբություն, բայց դրա հետ մեկտեղ բոլորն ասում են, որ դանակը ոսկորին է հասել:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք միայնակ գնալ համահայկական ընդվզման: Արդյո՞ք այսպես վերջնական փուլում շատ հետեւորդներ կունենաք:

-Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի հիմնահատակ քանդել այս համակարգը եւ հիմնադրել նոր համակարգ, որը լինի իրոք ազգային համակարգ, ծառայի մեր ազգին, պետություն, որը մեր ազգային նպատակները պետք է սպասարկի: 25 տարվա քաղաքական համակարգն ուղղակի մեզ կեղեքել է, եւ դա ակնառու է բոլոր վայրերում: Մենք կարիք չունենք ինչ-որ մեկի հետ գնալու, քանի որ սա ինչ-որ ուժերի խնդիրը չէ: Սա ազգային խնդիր է, եւ յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի առաջատար, եւ նույնիսկ մենք դեմ ենք, որ ինչ-որ մի խմբակ ինքը լիդերություն իրականացնի: Պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի առաջնորդ:

-«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հայտարարել է, որ որոշակի գործողություններ է սկսելու 2018 թվականի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ: Ինչո՞ւ այդ հարցում չհամագործակցեցիք նրա հետ:

-Դրանք կեղծ հայտարարություններ են: Իրենք ասում են՝ պայքարելու են Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ: Բայց այստեղ համակարգի խնդիրն է, պետք է ապամոնտաժենք համակարգը եւ ստեղծենք նորը:

-Տիկի՛ն Փոստանջյան, սակայն կարծես թե քաղաքական դաշտում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Ձեր նախաձեռնությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

-Հանգիստ եւ հումորով եմ վերաբերվում նման քննադատություններին: Իմ վերջնական նպատակն այս համակարգից ազատվելն է, քանի որ այս համակարգը եթե մնա, կշարունակի ծնել սերժսարգսյաններ եւ այլ բռնակալներ, եւ այդ պատճառով էլ մեր խնդիրը համակարգից ազատվելն է եւ հիմնադրել այնպիսի համակարգ, որն ունենա հակակշիռների եւ ձգտումների համակարգ:

-Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք դիմել համահայկական ընդվզման: Խորհրդարանական եւ ավագանու ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ժողովուրդը կարծես թե արդեն հարմարվել է իրավիճակին: Չի ուզում փոխել, առավել եւս Ձեր միջոցով:

-Նախ ասեմ, որ մեր քառորդդարյա պատմության մեջ մենք ընտրություններ չենք անցկացրել: Հետեւաբար բոլորս կարիք ունենք ընտրությունների անցկացման եւ կարիք ունենք պայքարի, կարիք ունենք մեր երազած պետության հիմնադրման: Այդ իսկ պատճառով պայքարը պետք է շարունակել, պայքարը պետք է տանել առաջ եւ արձանագրել հաղթանակ: Ես վստահ եմ իմ կատարած աշխատանքի վրա, վստահ եմ, որ ցանկացած աշխատանք, որը կատարվում է կրքով, հավատով, սիրով եւ սառը շրջահայեցողությամբ, ապա դա ունենալու է հաղթանակ:

-Տիկի՛ն Փոստանջյան, օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը բաց նամակ էր հղել, որով պայքարի կոչ էր անում, եւ այն մարդկանց մեջ, ում նա դիմում էր, առկա էր նաեւ Ձեր անունը: Ինչպիսի՞ մասնակցություն կունենաք գործընթացներին:

-Այդ անձանց ես չեմ վստահում եւ չեմ պատրաստվում նրանց հետ որեւէ համագործակցության: Ես չեմ կարծում, որ նրանք կարող են ճիշտ ուղիով տանել ժողովրդին: Այդ ցուցակում նշված անձանցից շատերն իրենք ճանապարհ են անցել եւ ձախողել են: Նրանք եղել են իշխանություն, եւ տեսել ենք՝ նրանք ինչ են անում: Միգուցե այդ մարդիկ դասախոսություններ կարդան երիտասարդների համար քաղաքական իրենց ուղու վերաբերյալ: Ես մերժում եմ իրենց հետ ցանկացած տեսակի համագործակցություն եւ կարծում եմ, որ առհասարակ նրանք չպետք է լինեն քաղաքականության մեջ: Արհեստական միավորումների կարիքը չկա, ընդհակառակը, պետք է մեր ազգը դառնա առաջատար այդ գործընթացների մեջ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս