Դավիթ Հարությունյանը` իր և Արման Թաթոյանի միջև բախման մասին. ներքին խմորումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը դարձել արդարադատության նախարարության ներքին խմորումների պատճառ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նախարարության ներսում մեկը մյուսին պարզաբանման է կանչում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի շուրջ կարծիքներ հայտնելու համար:

Հիշեցնենք՝ օրերս «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» քննարկում էր կազմակերպել, որտեղ կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանն ասաց, թե նախարարությունն այն ուղարկել է իրենց կազմակերպությանը` ծանոթանալու եւ կարծիք հայտնելու համար: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Դավիթ Հարությունյանը «անհայտ ծագումնաբանությամբ» որակեց այդ փաստաթուղթը:
Ավելին՝ նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով լրատվամիջոցների մտահագություններին, հայտնեց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի բարելավման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Հենց մոտեցումները պատրաստ լինեն, դրանք կներկայացվեն հանրությանը, հատկապես լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվության վերաբերյալ հարցերի առաջին պահանջատերն են»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց նաեւ օրերս վարչապետի կողմից տրված հանձնարարականի մասին: Ի՞նչ փուլում են դրանք:

-Պարո՛ն Հարությունյան, Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին: Մասնավորապես վարչապետը հանձնարարել էր Ձեզ երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական ոլորտում առկա ծանրաբեռնվածությունը նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման առաջարկություններ: Ձեր տեղակալ Արթուր Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դատարանների բեռը թեթեւացնելու համար առաջարկում եք բանկ-քաղաքացու պայմանագրերը վավերացնի նոտարը: Հետագայում, եթե քաղաքացին իր պարտավորությունը չկատարի, արդեն բանկը միանգամից նոտարի կատարողական մակագրությունը կվերցնի եւ կգնա ԴԱՀԿ:

-Ձեզ պետք է հայտնեմ, որ օրենքի նախագիծը մշակված է եւ արդեն կառավարությունում է:

-Ինչպես հայտնի է՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ կառավարության առընթեր մարմինները` ազգային անվտանգության ծառայությունը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունը, միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, պետական գույքի կառավարման վարչությունը, պետական եկամուտների կոմիտեն, քաղաքաշինության պետական կոմիտեն, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պետք է կա՛մ միանան ինչ-որ գերատեսչության, կա՛մ լուծարվեն: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս գերատեսչություններին:

-Կառավարության մասին օրենքը մշակվում է եւ այն շուտով կներկայացնենք :

-Առընթեր մարմինների մասով Ձեր տեսլականը ո՞րն է, օրինակ՝ ոստիկանությունը կմիանա արտակարգ իրավիճակների նախարարությա՞նը, տեսակետ կա, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն էլ միանալու է պետական գույքի կառավարման վարչությանը:

-Ամենեւին պատրադիր չէ միանալ, այն կարող է դառնալ կառավարության ենթակա մարմին:

-Ձեր եւ Մարդու իրավունքների պաշտպանի միջեւ լուրջ բախում է հասունանում: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմենի ինստիտուտին դեմ է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` նշելով, որ այն հակասահմանադրական է:

-Ես չեմ համարում նախագիծը հակասահմանադրական, համարում եմ, որ նա ամենեւին չի հատվում պաշտպանի գործառույթների հետ:

Հ. Գ. Նախարար Դավիթ Հարությունյանը բավականին ժլատ էր իր պատասխաններում:

Քնար Մանուկյան




Լրահոս