Կադրային «ջարդը» հետևանք է սահմանադրական փոփոխությունների. գործազուրկների թիվը կավելանա առնվազն 730-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարի Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա առնվազն 730-ով. սա միայն պետական ապարատում նախատեսված հաստիքների կրճատման հետեւանքով: 2018թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ այժմ գործող 18 հազար 171 հաստիքի փոխարեն հաջորդ տարի նախատեսված է ունենալ 17 հազար 440-ը: Կադրային «ջարդը» հետեւանք է սահմանադրական փոփոխությունների, նաեւ բյուջետային ծախսերը խնայելու անվան տակ պետական կառավարման համակարգի օպտիմալացման:

Եւ այսպես՝ հաստիքների մեծ կրճատում է սպասվում նախագահի աշխատակազմում. հաջորդ տարվա ապրիլից 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Միաժամանակ նախատեսված է նվազեցնել ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ 67-ից դարձնելով 25 հատ: Ինչպես հայտնի է՝ 2018թ. կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի: Թեեւ կպահպանվի նախագահի պաշտոնը /նրան կընտրի խորհրդարանը/, բայց էապես կնվազեն վերջինիս լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին: Արդյունքում` նախագահականում կնվազի 159 հաստիք: Հաստիքների կրճատում է սպասվում նաեւ ԱԺ-ում. գործող 810 հաստիքից հաջորդ տարի կմնա 732-ը: Սա եւս նոր Սահմանադրության «հետեւանքն է». նախկինում ԱԺ պատգամավորների թիվը 131-ն էր, բացի այդ՝ պատգամավորները կարող էին ունենալ վճարովի հիմունքներով օգնական, կար նաեւ 12 մշտական հանձնաժողով` իր փորձագետներով: Մինչդեռ հիմա պատգամավորների թիվը 105-ն է, պակասել է մշտական հանձնաժողովների թիվը, այնպես որ, պակասելու է նաեւ ԱԺ աշխատակիցների թիվը:

Իսկ ահա գործադիրում սպասվող կառուցվածքային փոփոխությունների պաշտոնական պատճառը պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի օպտիմալացումն է: «Պետական կառավարման ապարատի առավել օպտիմալ կառուցվածք ձեւավորելու ճանապարհով նախատեսվում է ունենալ առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Այդ կապակցությամբ նախատեսվում է հստակեցնել տնտեսության յուրաքանչյուր ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականության մշակման եւ գործառույթների իրականացման համար պատասխանատու մարմիններին, խմբավորել եւ կանոնակարգել նրանց գործառույթները՝ ըստ առանձին ոլորտների եւ խուսափել դրանց հնարավոր կրկնություններից»,- նշված է 2018թ. բյուջեի ուղերձում:

Միայն թե, նկատենք, չնայած օպտիմալացմանը, ծախսերի կրճատման խոստումներին՝ կառավարությունը նախատեսել է հաջորդ տարի ավելացնել պետական համակարգի պահպանման համար պետական բյուջեից տրամադրվող գումաները: Այս տարվա 88.6 մլրդ դրամի փոխարեն հաջորդ տարվա բյուջեով պետական ապարատի պահպանման համար նախատեսված է տրամադրել 89.6 մլրդ դրամ: Այդ գումարից 57.2 մլրդ դրամն ուղղվելու է աշխատավարձերին՝ այս տարվա 56.9 մլրդի փոխարեն: Կառավարությունը նախատեսել է ավելացնել նաեւ պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար նախատեսած գումարը. եթե այս տարի այդ նպատակով նախատեսված է եղել 728.3 մլն դրամ, հաջորդ տարի այդ թիվը կկազմի 774 մլն: Ավելացվելու է նաեւ գործուղումների համար տրամադրվող գումարը՝ 2.1 մլրդից դարձնելով 2.3 մլրդ դրամ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հաստիքների լուրջ կրճատում է սպասվում ՊԵԿ-ում. այստեղ աշխատողների թիվը պակասելու է 483-ով: Նախարարություններից ամենաշատը «տուժելու է» ՀՀ բնապահպանության նախարարությունը: Այստեղ պակասեցվելու է 181 հաստիք. աշխատողների թիվը 406-ից կդառնա 225: Սա տեղի կունենա հիմնականում բնապահպանական պետական տեսչության լուծարման արդյունքում: Ի դեպ, դրա հետեւանքով կրճատվելու է նախարարության ծառայողական ավտոմեքենաների թիվը 19-ով: Նվազելու է առողջապահության նախարարության հաստիքների քանակը` 152-ով, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում պակասելու է 38 հաստիք, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում` 21 հաստիք, արտակարգ իրավիճակների նախարարությունում` 10 հաստիք, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում` 6 հաստիք, սփյուռքի նախարարությունում` 7 հաստիք, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում` 4 հաստիք:

Մյուս կողմից, չնայած օպտիմալացման այս գործընթացին, կառավարության աշխատակազմում եւ մի շարք նախարարություններում ծրագրել են հաստիքներ ավելացնել: Կառավարության աշխատակազմի աշխատակիցների թիվը վարչապետը նախատեսել է ավելացնել 6-ով. այս մասին որոշումը կայացվել էր դեռ 2017թ. ամռանը: Բացի այդ՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների թիվը կավելանա 40-ով, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում` 58-ով, քաղաքաշինության պետական կոմիտեում` 24-ով: ՄԻՊ լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ՝ ավելանալու է ՄԻՊ աշխատակազմի թիվը` 27-ով, եւ, վերջապես, ավելանալու է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցների քանակը. այստեղ առանձին աշխատակազմ է ձեւավորվելու:

Ահա այսպես է կառավարությունը օպտիմալացնում պետական համակարգը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս