Նաստասյա Կինսկին կկատարի՞ Գագիկ Մադոյանին տված խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները, լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացավ ռեժիսոր Գագիկ Մադոյանը: Նրա մրցանակը հանձնեց աշխարհահռչակ դերասանուհի, փառատոնի պատվավոր հյուր Նաստասյա Կինսկին: Դե, իսկ Գագիկ Մադոյանն էլ առիթը բաց չթողեց եւ նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Կինսկին իրեն հատուկ ջերմությամբ ընդունեց հայ ռեժիսորի առաջարկը եւ ասաց` այո: Իսկ թե ինչ եղավ հետո, այդպես էլ մնաց անհայտ։

«Ժողովուրդ»-ը Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են ֆիլմի նկարահանման աշխատանքները, եւ արդյո՞ք Կինսկիին նկարահանելու հանգամանքը մնում է ուժի մեջ.«Դա բավական բարդ եւ ժամանակատար գործընթաց է, բացի այդ՝ կան ֆինանսական, փաստաթղթային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Կարծում եմ՝ եթե ոչ այս տարի, մյուս տարի ֆիլմի համար նախնական ճանապարհ հարթած կլինենք։ Ֆիլմի ընթացքը Կինսկիից կախված չէ, այդ մենք պետք է գործընթացներն արագացնենք, որ իրեն էլ կանչենք»,-պարզաբանեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ 2016 թվականին ֆիլմի հետ կապված բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, քանի որ կասեցվեցին ֆինանսական հոսքերը. «Մարդիկ, որոնք պետք է ներդրումներ կատարեին, հրաժարվեցին դա իրականացնել»,-ասաց ռեժիսորը։
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ֆիլմն արդեն ունի աշխատանքային անուն. «Անվանում դեռ չկա, բայց տեղեկացնեմ, որ ֆիլմը կնկարահանվի Դոստոեւսկու պիեսներից մեկի հիման վրա գրված սցենարով, այն կներկայացնի գրողի ստեղծագործական եւ անձնական կյանքի համախառնումը»,-նշեց Գագիկ Մադոյանը։

Հարցին, թե արդյոք մշակույթի նախարարությունն օգնում է ֆիլմի ստեղծմանը, ռեժիսորը պատասխանեց. «Երբ արդեն ֆինանսական պայմանագիր կնքենք ներդրողների հետ, պետությունն ինչ-որ կերպ կօգնի մեզ, բայց, բնականաբար, ամբողջ գումարը տալ չի կարող»։

Գագիկ Մադոյանը տեղեկացրեց, որ ինքը ե՛ւ ֆիլմի ռեժիսորն է, ե՛ւ սցենարիստը, սակայն որոշ ժամանակ անց նախագծի շրջանակում կընդգրկի եւս մեկ սցենարիստի, որն ավելի թարմ մոտեցումներ կբերի, եւ արդյունքում կստացվի դինամիկ ու թեթեւ ֆիլմ։

Աննա Բաբաջանյան




Լրահոս