Մենք մնացել ենք շատ լավ ընկերներ, բայց միանալու մասին խոսք լինել չի կարող. Հայկ Կասպարովը՝ նախկին կնոջ մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Հայկ Կասպարովը, որը տեւական ժամանակ է` բնակվում է Գերմանիայում, մինչեւ նոյեմբեր իր երկրպագուներին կներկայացնի տեսահոլովակ` նոր երգի հիման վրա: Այն ուրախ, թեթեւ ստեղծագործություն է, կոչվում է «Բարեւ», հեղինակը հենց Հայկն է: Տեսահոլովակը նկարահանվել է Իսպանիայում եւ Գերմանիայում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը, ուսումնասիրելով Հայկի ֆեյսբուքյան էջը, նկատեց, որ Կասպարով ազգանվան կողքին հայտնվել է նաեւ Կազեյան ազգանունը. «Դա պապիկիս իրական ազգանունն է, բայց ես չեմ փոխել Կասպարով ազգանունս, շատ եմ սիրում այն, հանդես եմ գալիս միաժամանակ երկու ազգանվամբ»,-պարզաբանեց երգիչը:

Հարցին, թե արդյոք Գերմանիայում բիզնես ունի, թե միայն երգելով է վաստակում, Հայկը պատասխանեց. «Ո՛չ, բիզնես չունեմ, ու թեեւ այստեղ չկան ռեստորաններ, որտեղ ամեն օր երգում են, հիմնականում վաստակում եմ իմ սիրելի գործով զբաղվելով` կոորպորատիվ միջոցառումների եւ համերգների մասնակցելով»:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայկն ունի Հայաստանի հետ կապված գործնական ծրագրեր: Նա նշեց, որ ոչ` հավելելով, որ կոնկրետ պլաններ դեռ չի կազմում. «Այնուամենայնիվ, Հայաստան վերադառնալու, հայրենիքում մշտական բնակություն հաստատելու մասին հաճախ եմ մտածում: Ես մի քիչ անկանխատեսելի եմ, հնարավոր է` մի օր որոշեմ ու գամ ընդմիշտ»,-ասաց երգիչը:
Ինչ վերաբերում է Հայկի անձնական կյանքին, արդեն հայտնի է, որ նա եւ գերմանաբնակ Կարմեն Լուիզան շուրջ երկու տարուց ավել է` ամուսնալուծված են:

«Ժողովուրդ»-ը հարցրեց` ինչ հարաբերություններ ունի Հայկը նախկին կնոջ հետ, արդյո՞ք վերջիններս երբեւէ մտածել են միավորվելու, հարաբերությունները վերականգնելու մասին. «Մենք մնացել ենք շատ լավ ընկերներ, բայց միավորվելու մասին խոսք լինել չի կարող»:

Նաեւ հետաքրքրվեցինք` արդյո՞ք Հայկն իր կողքին արդեն ունի այն միակին, որի հետ կցանկանար ապրել ողջ կյանքը. «Դրա մասին վաղ է խոսել, թող ամեն բան կատարվի իր ժամանակին: Երբ ամեն ինչ հստակ կլինի, անպայման տեղյակ կպահեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Անի Անտոնյան




Լրահոս