
Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է մոտ 20 տարբեր երկրներից ճանաչողական այցով Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցն Արցախ՝ նշելով, որ դա առկա իրողություններին տեղում ծանոթանալու և երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Արցախի արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքական մարտահրավերներին ու տարածաշրջանային խնդիրներին։