Ֆրիդա Կալոյի արվեստը հիացնում է: Այսօր նրա նկարները գնահատվում են մի քանի միլիոն դոլար, վաճառվում են աճուրդներում, պահում են անհատական հավաքածուներում և ցուցադրում աշխարհի տարբեր երկրների ազգային թանգարաններում:
Բայց շատ քչերն են ծանոթ վերջինիս կյանքում տեղի ունեցած ողբերգություններիին:
18 տարեկանում աղջիկը հայտնվեց սարսափելի ավտովթարի կիզակետում. ավտոբուսը բախվել էր տրամվային: Դրա հետևանքները Ֆրիդա Կալոյի համար ուղղակի սարսափելի էին. ոտքի և ուսի տեղահանություն, աջ ոտքի 11 կոտրվածք, ողնաշարի և կողերի եռակի կոտրվածքներ, որովայնի և արգանդի մեջ էին մտել են մետաղական բռնակները և սա դեռ ամենը չէր:
Նա ենթարկվեց 32 վիրահատության և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց: Նա պառկած վիճակում նկարել սովորեց:
Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում:
Ֆրիդան դարձավ Մեքսիկայի մշակութային սիմվոլը: 1944-1954 թթ.՝ իր ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանում, նա օրագիր էր վարում, որը նրա մահվանից հետո 40 տարի փակ արխիվում թաքցնում էր մեքսիկական կառավարությունը: Իսկ հրապարակումից անմիջապես հետո այն բեսթսելեր դարձավ:
170 էջ, որոնք լի էին մանկության մասին հիշողություններով, նկարներով և անկեղծ գրառումներով ամուսնու նկատմամբ ունեցած ցավոտ սիրո մասին:
«Իմ կյանքում երկու վթար է եղել. մեկը, երբ ավտոբուսը բախվեց տրամվային, երկրորդը՝ Դիեգոն»:
Ամուսնու՝ մեքսիկացի հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ նրան մտերմացնում էր ոչ միայն մշակույթը, այլ քաղաքական հայացքները՝ կրքոտ նվիրվածությունը կոմունիստական կուսակցության գաղափարներին:
Զույգը երեխաներ չունեցավ: Կալոն երեք անգամ զրկվեց իր դեռևս չծնված երեխաներից:
Ամուսինը հավատարիմ չէր Ֆրիդային, նա գիտեր, որ վայելում է կանանց ուշադրությունը: Շուտով Դիեգոն Ֆրիդային դավաճանեց նրա փոքր քրոջ հետ: Ամուսինները բաժանվեցին, սակայն մեկ տարի անց վերականգնեցին իրենց ամուսնությունը:
Սակայն Ֆրիդան ևս առաքինի կին չդարձավ: Նա շատ էր խմում, չարաշահում էր տեկիլան, կազմակերպում էր վայրի երեկույթներ և չէր թաքցնում իր բիսեքսուալ կապերը:
Վթարի հետևանքով ստացած հիվանդությունը զարգանում էր և անասելի ցավ պատճառում նրան: 1953 թվականին հայրենիքում կայացավ Կալոյի առաջին անհատական ցուցահանդեսը, որին նա մասնակցեց սայլակին պառկած, բայց ժպտալով և մազերն իր սովորության համաձայն ուղղելով:
Օրագրում կատարած վերջին գրառման մեջ նա ասում է. «Հուսով եմ, որ հեռանալը հաջող կլինի և ես այլևս չեմ վերադառնա»: