1975 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ը նշվում է որպես երաժշտության միջազգային օր: Երաժշտության միջազգային օր ստեղծելու մտահաղացման հեղինակներից մեկն է նաև կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը: Ամեն տարի տոնը նշվում է ամբողջ աշխարհում՝ արտիստների ու համույթների տարաբնույթ համերգներով, հնչում են համաշխարհային մշակույթի գանձարանի գոհարները:
Երաժշտության միջազգային օրվա անցկացումը որոշվել է 1973-ին Լոզանում՝ Միջազգային երաժշտական խորհրդի 15-րդ համաժողովում: Խորհրդի նախագահ սըր Իեհուդի Մենուհինը ներկայացրել է Երաժշտության միջազգային օրվա սահմանման հիմնավորումները` երաժշտարվեստի տարածումը հասարակության բոլոր շերտերում և ժողովուրդների միջև խաղաղության և ընկերության, մշակույթների զարգացման և միմյանց էսթետիկ արժեքների հանդեպ հարգալից վերաբերմունքի խթանումը: