Նոր աստղեր են դուրս եկել, մենք արդեն հնացել ենք, էլ պետք չենք. Արմինե Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր աստղեր են դուրս եկել, մենք արդեն հնացել ենք, էլ պետք չենք»,- այսպես պատճառաբանեց դերասանուհի Արմինե Պողոսյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու վերջին շրջանում ինքը չի երեւում էկրաններին։

«Վայ, մամա ջան» եւ «Սիրո Գործակից» ֆիլմերից հետո դերասանուհուն այլ հեռուստանախագծում չենք տեսել. «Եթե ֆիլմերը չհաշվենք, համարյա վեց տարի է՝ էկրաններին չեմ երեւում, բայց զգում եմ, որ ժողովուրդն ինձ չի մոռացել, անընդհատ հարցնում են, թե ինչու չեմ երեւում ասպարեզում»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե գուցե նախագծերի հեղինակները նախապատվությունը տալիս են ոչ պրոֆեսիոնալ եւ էժան աշխատուժին, դերասանուհին պատասխանեց. «Այո՛, պրոֆեսիոնալների նկատմամբ անպատվաբեր վերաբերմունք են ցուցաբերում: Այդ պատճառով էլ սերիալներն ու ֆիլմերը վերջին շրջանում աչքի չեն ընկնում իրենց որակով»։

Հարցին, թե նոր հեռուստանախագծից առաջարկ ստանալու դեպքում արդյո՞ք կընդունի առաջարկը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե սցենարը դուրս գա, իհարկե, կընդունեմ առաջարկը։ Բայց հիմա այնպիսի սցենարներ են գրվում, որոնց համար չարժե դուրս գալ եւ ծաղրի առարկա դառնալ»։

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ որտեղ է դերասանուհին ուզում մշտական բնակություն հաստատել՝ ԱՄՆ-ու՞մ, ուր ինքը պարբերաբար այցելում է, թե՞ Հայաստանում. «Իհարկե, ցանկալի է Հայաստանում։ Շատ եմ սիրում հայրենիքս եւ մտադրություն չունեմ այստեղից գնալու, բայց կարծում եմ, որ արվեստի բնագավառում մեզ մոտ պասիվություն է տիրում, այդ մթնոլորտում պրոֆեսիոնալ դերասանի համար դժվար է աշխատելը։ Կուզենամ, որ մեր արվեստը զարգանա, հասանելի լինի արտերկրին։ Մենք շատ լավ դերասաններ ունենք, եւ իմ ցանկությունն այն է, որ նրանք մուրացիկի պես չապրեն։ Չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք գնում են երկրից»,-նկատեց Ա.Պողոսյանը։

Հարցին, թե արդյոք արտերկրից ստացել է գրավիչ առաջարկներ, դերասանուհին պատասխանեց. «Դեռ ոչ, բայց Միացյալ Նահանգներ գնալուց հետո հարմար առաջարկի դեպքում հնարավոր է՝ ընդգրկվեմ որեւէ սերիալում կամ ֆիլմում»։

Անի Անտոնյան




Լրահոս