Օրեր առաջ հանրությունը ցնցվեց սեպտեմբերի 29-ին Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղում տեղի ունեցած դեպքից: Աղջկա մայրը վերջինիս ծննդաբերելուց հետո իր աղջկա նորածին երեխային նետել էր տանը կից զուգարանի փոսը:
Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ բազմանդամ ընտանիք է.
«Սոցիալական վատ պայմաններում են ապրում: Տան տիկինը 7-8 երեխա է ունեցել: Հիմա էլ այդ տանը 5 հոգով են ապրում՝ հայրը, մայրը, ծննդաբերած աղջիկը, նրա փոքր քույրը և եղբայրը»,- ասաց գյուղապետը:
Վերջինս նշում է, որ չի իմացել, որ այդ ընտանիքի 32-ամյա աղջիկը հղի է.
«Աղջիկը ուշ-ուշ էր տանից դուրս գալիս: Երբ էլ տեսել եմ իրեն, չեմ նկատել, որ հղի է, չէր երևում»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ աղջիկը ամուսնացած չի եղել:
Նշենք, որ դեպքի մասին իրավապահ մարմինները տեղեկացել էին այն բանից հետո, երբ ծննդաբերած կինը արյունահոսություն էր ունեցել և բուժօգնության համար դիմել հիվանդանոց: Այստեղ էլ նա հայտնել է, որ մայրն է նորածնին զուգարան նետել:
Լուսինե Առաքելյան