
Սեպտեմբերի 29-ին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե Երկրորդին:
Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ֆրեդենսբորգի Թագավորական պալատում, որտեղ դեսպան Արզումանյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր թագավորական շքախմբի ուղեկցությամբ:
Արարողակարգային միջոցառմանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Մարգրետե Երկրորդը մեծ ակնածանքով խոսեց հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։