Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարություն են տարածել՝ ս.թ. սեպտեմբերի 28-ին «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է.

«2017թ. սեպտեմբերի 28-ի երեկոյան Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրեւի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թեւերը, նրան գցել գետնին եւ խլել հեռախոսը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։ Միեւնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ ըստ մեր բազմամյա դիտարկումների՝ տասնյակ այսօրինակ գործեր անարդյունք են մնացել, եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս միջադեպն էլ նմանատիպ իրավախախտումների անհետեւանք մնալու եւ ձեւավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Ընդ որում, առաջին անգամ չէ, երբ իր աշխատանքը կատարելիս Նարինե Ավետիսյանը ճնշման է ենթարկվում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

– ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից՝ սկզբունքայնություն ցուցաբերել եւ անաչառ քննություն իրականացնել միջադեպի բոլոր հանգամանքներին համապատասխան գնահատականներ տալու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

– ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։

Մենք ուշադիր հետեւելու ենք իրավապահ մարմինների գործողություններին եւ հանրությանն իրազեկելու ենք այս քրեական գործի ընթացքի եւ արդյունքների մասին”։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ




Լրահոս