«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ մարզային հանդիպումներ է անցկացնում և պատրաստվում է համահայկական ընդվզման օրվան: Վերջինս նաև նշել էր, որ միայնակ կպայքարի:
ArmLur.am-ը որոշեց մեկտեղել անհատների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները այս գործունեության և ԱԺ նախկին պատգամավորի հետ համագործակցության հնարավորության մասին:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով վերջերս է ազատվել ՔԿՀ-ից, ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ արձագանքել է Ժիրայր Սէֆիլյանի կոչին, պատրաստ է նաև համագործակցել Զարուհի Փստանջյանի հետ.
«Համայն հայությունը պետք է արձագանքի: Չեմ կասկածում նրա ոչ ուղղորդվածության մեջ: Ազգովի պետք է համախմբվենք, համագործակցենք, որպեսզի Հայաստան աշխարհը փրկենք՝ հաշվի առնելով, թե որքանով է արդար, մաքուր այդ շարժումը և հանուն հայրենիքի: Ժամանակի ընթացքում զգացվում է՝ շարժումն ուղղորդվո՞ւմ է, թե՞ ոչ:
Բոլորս պետք է միավորվենք մեկ գաղափարի շուրջ, որպեսզի բռնապետական ռեժիմից փրկվենք Պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ: Ի վերջո բոլորիս պայքարը մի նպատակ ունի»,- ասաց ազատամարտիկը:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայ Ազգային Կոնգրեսը, որը չհայտնվեց խորհրդարանում, հոկտեմբերից մտադիր է լուրջ օրակարգ մշակել, այս մասին լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը:
«Հայ Ազգային Կոնգրեսը հիմքեր ունեցող կուսակցություն է: Շատ քիչ կուսակցություններ կան, որոնք մարզերում ունեն իրենց կառույցները, բջիջները, իսկ մենք ունենք: Պարապ նստելով, անընդհատ դիտորդ դառնալով, երկրից փախնելով խնդիրը չի լուծվի: Ամենավտանգավորը անտարբերությունն է, որից էլ ծնվում են բոլոր չարիքները: Ելնելով այդ տրամաբանությունից՝ պետք է ինչ որ ելքեր փնտրել:
Ժողովուրդը մեզ այս ընտրություններում քվե չտվեց, ելնելով ինչ որ հանգամանքներից, գուցե մեր կարգախոսը չհասկացավ, բայց մենք պետք է փողոց դուրս գանք և ժողովրդին բացատրենք, որ ում քվե եք տվել, գող և հայրենավաճառ մարդիկ են: Ինչ կուսակցություն և անհատ էլ լինի՝ առանց ժողովրդի գիտակից աջակցության ոչ մի բանի չի կարող հասնել: Կուսակցությունները պետք է ակտիվացնեն իրենց գործունեությունը, որովհետև երկիրը կործանվում է»,- ասաց պարոն Մալխասյանը:
Մեր այն դիտարկմանը, թե կմիանան կամ կաջակցեն Զարուհու Փոստանջյանի համահայկական ընդվզմանը, պարոն Մալխասյանն ընդգծեց. «Եթե դա լուրջ վիճակներ ընդունի, մենք սատանայի հետ էլ կմիանանք, միայն թե ազատագրվենք այս անազգ անհայրենիք թափթփուկներից»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ քաղաքական որևէ ուժի չի միանա և դրանով ամեն ինչ ասված է: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության»-ը, ապա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ կոնկրետ գործողություններ կլինեն, սակայն թե ինչպես դրանք կդրսևորվեն՝ ցույց կտա ժամանակը:
Լուսինե Առաքելյան