ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական վերջին նիստերից մեկի ժամանակ վերջինս դիմել էր նախագահող դատավորին` բարձրացնելով գործով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանի հարցը, ով հայտնի չէ` որտեղ է:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ իրավապահների դիմումի հիման վրա Թբիլիսիում ձերբակալել էր Սամվել Բաբայանին «Իգլա» զենիթահրթիռային համակարգ «մատակարարած» անձ հանդիսացող Ռոբերտ Աղվանյանին:
Չնայած նրան, որ Աղվանյանը ձերբակալվել է մարտ ամսին, սակայն այդպես էլ չի արտահանձնվել Հայաստանին:
ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը նշեց, որ գործում որևէ տվյալ չկա Ռոբերտ Աղվանյանի արտահանձնման մասին. «Ուրիշ որևէ տվյալ չունենք, մինչև հիմա Ռոբերտը չկա»:
Ինչ վերաբերում է դատավարության ընթացքին, փաստաբանը նշեց, որ այն ընթանում է իր նորմալ հունով:
«Ամեն ինչ ընթանում է դատավարական կարգի համաձայն: Հաջորդ նիստից արդեն ամբաստանյալները սկսելու են ցուցմունքներ տալ»:
Լուսինե Առաքելյան