Ընթերցողներից մեկը ArmLur.am-ին դժգոհություն էր հայտնել այն մասին, որ հոկտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրում կայացած երգիչ Սարոյի մենահամերգին շատերը ներս են մտել առանց տոմսերի, միևնույն ժամանակ շատերը, ովքեր տոմսեր ունեին, չեն կարողացել մասնակցել համերգին:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Սարոյի համերգի պրոդյուսեր Արթուր Մանուկյանի հետ. նման միջադեպ տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Արթուր Մանուկյանը, լսելով մեր հարցը, այսպես արձագանքեց.
«Կներե՞ք, դուք ավելի լավ նոտայից չեք կարող սկսել, քան օրինակ խոսակցություններից և նեգատիվ, սուտ ինֆորմացիայից: Չէ նման բան չի եղել: Ամեն ինչ հսկվել է, մենք հինգ օր առաջ արդեն տոմս չենք ունեցել: Համերգը սկսվելուց ժամեր անց հնարավոր է մարդիկ մտել են և նստել են աստիճանների վրա, քանի որ տեղեր չեն եղել: Այդ ժամանակ արդեն անհնար էր հսկելը», – ասաց Արթուր Մանուկյանը:
Հ.Գ. Պրոդյուսեր Արթուր Մանուկյանի համար ընդգծենք. լրատվամիջոցները և լրագրողները մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները միայն դրական պրիզմայով լուսաբանելու համար չեն: Եթե մենք մեզ համարում ենք պրոֆեսիոնալներ, ապա առաջին հերթին պետք է բարձրաձայնենք խնդիրները՝ հաջորդ անգամ դրանցից խուսափելու նպատակով: Սխալներ կատարելը կամ էլ դրանք մատնացույց անելը բոլորովին էլ չի նշանակում արժեզրկել մարդկանց կատարած «լայնածավալ, մեծամասշտաբ» աշխատանքը: Եթե մենք ընդունում ենք մեր կատարած սխալները, ապա մեծ հավանականությամբ դրանք երկրորդ անգամ չենք կրկնի: Մեկ դիտարկում էլ Արթուր Մանուկյանի համար. մենք սենսացիաներ չենք փնտրում: Սենսացիոն վերնագիր ունենալու համար այլ հասցե փնտրեք:
Լուսինե Առաքելյան