ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԵՄՎԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Սփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն առանձնապես չէր տարբերվում նախորդներից: Ասելիքը նույնն էր: Սերժ Սարգսյանը փորձում էր սփյուռքահայերին համոզել, թե Հայաստանն օրեցօր ծաղկում ու ավելի ժողովրդավար երկիր է դառնում, հատկապես հիմա՝ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի:

Հետո սփյուռքահայերին կոչ արեց Հայաստանում ներդրումներ իրականացնել՝ հավաստիացնելով, թե դրա համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ ու միջավայր. ճիշտ եւ ճիշտ 2014թ. անցկացված վերջին համաժողովում ունեցած ելույթի նման, երբ ասել էր, թե «Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել՝ ներդրումներ կատարելու համար»: Նախորդ համաժողովից երեք տարի անց պետք է արձանագրենք, որ այս հարցում որեւէ լուրջ տեղաշարժ չեղավ, եւ լուրջ ներդրումներ չարվեցին: Նույնն է սպասվում նաեւ այս անգամ: Առավել եւս, երբ սփյուռքահայ գործարարներից եղան մարդիկ, որ արդեն լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեցին իրենց դժգոհությունների մասին՝ պատմելով, թե ինչպես են Հայաստանում իրենց ձեռքից խլել բիզնեսը: Ամերիկահայ գործարար Զարեհ Պալյանն, օրինակ, պատմել է, թե ինքը Հայաստանում 4 բիզնես է դրել, բայց 4-ն էլ թալանել են. «Ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը»,- պատմել է նա: Ամերիկահայ մեկ այլ գործարար՝ Ստեփան Հովակիմյանն էլ խոսել էր Հայաստանում տնտեսական մենաշնորհների մասին՝ շեշտելով, թե սփյուռքից շատերը կուզեն Հայաստանում ներդրումներ անել, բայց վստահ չեն, որ խոչընդոտների չեն հանդիպի:
Եւ, ընդհանրապես, երեկ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ սփյուռքահայերը խորը անվստահություն ունեն Հայաստանի իշխանությունների հանդեպ: Այն աստիճան, որ նրանք չեն փորձում թաքցնել բացասական վերաբերմունքը, լուրջ դժգոհությունը: Սա միանգամայն բնական է. սփյուռքահայերը շատ լավ պատկերացում ունեն, ինչ է կատարվում Հայաստանում, որքան էլ իշխանությունները փորձեն հեքիաթներ պատմել եւ իրականությունը ցանկալի գույներով ներկայացնել: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը երեկ համաժողովի մասնակիցներին փորձում էր վստահեցնել, թե ԱԺ վերջին ընտրություններն անցան «աննախադեպ թափանցիկության» հիման վրա, եւ «միջազգային եւ տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարության կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը»: Ինչ-ինչ, բայց գոնե այս հարցում պետք չէր ստել, որովհետեւ արտերկրի մեր հայրենակիցներն էլ կարող են համացանցում գտնել միջազգային ու տեղական դիտորդների՝ ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցները եւ տեսնել, որ ոչ միայն բարձր գնահատականի մասին խոսք չկա, այլեւ նրանք քննադատել են իշխանություններին՝ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրողներին ահաբեկելու, ընտրակաշառք բաժանելու, բողոքները ոչ պատշաճ կերպով քննարկելու համար՝ արձանագրելով, որ այդ ամենը «հանգեցրին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը»: Ու դրանից հետո հազիվ թե հավատան Սերժ Սարգսյանի մյուս խոսքերին. ազատ եւ թափանցիկ ընտրությունների, ժողովրդավարության, խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետության մասին հեքիաթներով հնարավոր չէ խաբել մարդկանց: Սփյուռքահայերն ամեն ինչ էլ տեսնում ու հասկանում են, նաեւ այն, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, այլ ոչ թե երկրի փրկությունը, եւ այսպես շարունակ:
Ի դեպ, նկատենք, որ Սերժ Սարգսյանի ելույթում մեկ նորույթ, այնուամենայնիվ, կար. հայրենադարձության կոչը՝ համեմված ժողովրդագրական վատ վիճակի մասին խոստովանությամբ: Նա հայտարարեց որ նախորդ 25 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թիվն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով նվազել է. «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են»,- խոստովանեց Սարգսյանը: Հետո նշեց, թե իրենք մտադիր են առաջիկա 25 տարում ՀՀ բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի եւ կոչ արեց. «Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք եւ դեպի Հայաստան ուղղենք նաեւ սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել եւ շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը եւ, ի վերջո, հայրենադարձությանը… Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման»:
Ճիշտ է՝ ժամանակին նույն Սերժ Սարգսյանը փորձում էր լրագրողներին համոզել, թե Հայաստանում արտագաղթը ոչ միայն չի «ահագնանում», այլեւ, ընդհակառակը, նվազում է: «Ահագնանալը ո՞րն է: Ի՞նչ է նշանակում ահագնանալ: Կարող ե՞ք ինձ բացատրել… Մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է, եւ անցյալ տարի կրճատվել է, եւ այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ էլ ավելի է կրճատվելու: Ահագնանալը ո՞րն է»,- 2014թ. հայտարարել էր նա: Մինչդեռ այսօր նա ընդունում է, որ ժողովրդագրական վիճակը վատ է, ու կոչ անում հայրենադարձության:
Այլկերպ, թերեւս, չէր կարող լինել. ժողովրդագրական վատ վիճակի մասին արդեն ահազանգում են բոլորը: Համաժողովի ժամանակ իր ելույթում Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը բարձրաձայնել էր այս խնդիրը՝ հայտարարելով. «Եկեք, լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել եւ վերքերը դարմանել: Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից եւ այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարեւոր հիմքերից մեկը… Անհրաժեշտ է եւ անհետաձգելի՝ արտագաղթը նվազեցնելու եւ Հայաստանի բնակչության թվային աճը ապահովելու ձգտող կոնկրետ միջոցների ծրագրված կիրառումը»:
Ամենայն Հայոց կաթողիկոսը եւս կարեւոր ելույթ ունեցավ: «Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով»,- հայտարարեց Գարեգին Երկրորդը: Նա նաեւ ասաց, որ Հայաստանը ձախողել է, եւ Հայաստանում անարդարություն է:
Հ.Գ. Հանուն արդարության նշենք, որ 6-րդ համաժողովի միջոցառումը լավ էր կազմակերպված: 1800 հյուրեր կային 71 երկրներց, ինչը բավականին տպավորիչ էր: Անշուշտ, այսպիսի միջոցառումները կարեւոր են, որքան էլ որ դրանք քննադատվեն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԾԻՏՆ ՈՒ ԲԼԴԻՆ
Պարզվում է՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն: Բնակվելով Երեւանում՝ իրենց բարձրագույն կրթությունը ստացել են ոչ թե մայրաքաղաքի որեւէ բուհում, այլ սովորելու են մեկնել Գյումրի: Այստեղ նրանք ուսանել են մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանում: Ծիտ մականունով հայտնի Արմեն Սահակյանը բուհ ընդունվել է 38 տարեկանում, եւ ավարտել այն 43 տարեկան հասակում: Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը եւ չորս տարի անց ավարտել: Դատելով ավագանու վերջին նիստում իրենց օգտագործած բառապաշարից՝ մենք համոզված ենք, որ նրանք ուսումնառության տարիներին նվիրվել են գիր-գրականությանը՝ օր ու գիշեր կրծելով գիտության գրանիտը: Միայն թե, չենք կարող հասկանալ, թե ՀՀԿ-ի ուսումնատենչ ներկայացուցիչներն ինչպե՞ս են համատեղել Գյումրիում իրենց ուսումն ու Երեւանում իրենց աշխատանքը:

 

 

ՔԿՀ-Ն` ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը այս տարվա հուլիսի 24-ին պայմանագիր է կնքել «Մեգամոթորս» ընկերության հետ: Ըստ այդմ, ՔԿՀ-ն գնել է 3 հատ մարդատար ավտոմեքենա «LadaVesta GFL 110» մակնիշի: Ի դեպ, տեղեկացնենք, որ գնված ավտոմեքենաները 2017 թվականի արտադրության են, որոնց համար ծախսվել է 16.5 մլն դրամ: Այսինքն՝ ՔԿՀ-ն յուրաքանչյուր ավտոմեքենայի համար պետական միջոցներից վճարել է 5.5 մլն դրամ: Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ ՔԿՀ-ն «Մեգնա» ընկերությունից գնել է մեկ հատ «Ռենո Դոկկեր» մակնիշի ավտոմեքենա, որի համար ծախսվել է 6.7 մլն դրամ: Ի դեպ, այս ավտոմեքենան եւս 2017 թվականի արտադրության է:

 

 

ԿԻՔՍԵՐ
Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի բացումը, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցում էր շուրջ 1800 հյուր: Ինչպես ցանկացած միջոցառում, այս անգամ եւս այն առանց կիքսերի չանցավ: Նախ համաժողովին ներկա չէին «Ելք» դաշինքի անդամները. վերջիններս նշում են, թե հրավեր չեն ստացել, կազմակերպիչներն էլ հակառակը համոզում: Սակայն այս սահմանափակումը չէր վերաբերում միայն ՀՀ գործիչներին: Սփյուռքահայերի շրջանում եւս ընդդիմադիր հայացքներ կրող անհատները քիչ էին. իշխանությունները փորձում են ամեն ինչ բարի քողի տակ ներկայացնել: Բացի առանց ընդդիմադիրների համաժողովից՝ մասնակիցների մոտ առկա էր դժգոհություն անտեղյակության շուրջ: Համաժողովի մասնակիցները դժգոհում էին, թե օրակարգից պարզ չի դառնում՝ իրենք որտեղ, ինչպիսի քննարկման էին եւ երկար ժամանակ միջանցքներով զբոսնում էին՝ մինչ նրանց ցույց էին տալիս այն սրահը, որտեղ անցկացվում են քննարկումները:

 

 
ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Հարցին, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելն ինչո՞վ էր պայմանավորված, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտնել է. «Ըստ Ձեզ՝ ես Ձեր հարցին կպատասխանե՞մ: Նախարարը մեկնաբանել է եւ մեկնաբանել է այնպես, ինչպես եղել է մեր պլանների մեջ»: Անդրադառնալով իր պաշտոնանկությանը՝ Մ. Հակոբյանը նշել է, որ այդ մասին քննարկում չի ունեցել նախարարի հետ: Նրա խոսքով՝ նման բաներ լրագրողներն են տարածում:

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
Երեկ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Ելք»-ից որեւէ մեկը հրավեր չի ստացել` մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի կարեւորագույն միջոցառմանը: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը հայտնել է, որ հրավեր եղել է բոլոր խմբակցություններին, այդ թվում նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորներին: Մինչդեռ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում կրկին վստահեցրել է, որ իրենց խմբակցությունը համաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել:




Լրահոս