ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԳՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԲԻԶՆԵՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորը Վաղինակ Մկրտչյանը վայր էր դրել իր լիազորությունները: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորը որոշել է բիզնեսով զբաղվել:

Նշենք, որ Մկրտչյանը 2003-2007թթ. աշխատել է տարբեր համայնքներում դատախազության քննիչ: 2008թ. աշխատել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ:
Իսկ ահա 2013 թվականի հունվարի 24-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ի դեպ, նա դատավոր դարձավ Մարտի 1-ի քրեական գործում որպես քննիչն իր «սեւ գործն» անելուց հետո: Հենց Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների, Մուշեղ Սաղաթելյանի մեղադրական եզրակացությունների տակ: Ավելին՝ հիշեցնենք, որ դատավորն առավել հայտնի դարձավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություններից հետո: Ինչեւէ: 4 տարի դատավոր լինելուց հետո Վաղինակ Մկրտչյանը լքեց դատական համակարգը: Ըստ դատական համակարգում տարածված տեղեկությունների՝ նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ այլեւս չի ցանկանում դատավոր լինել եւ ուզում է բիզնեսով զբաղվել, իսկ ահա լուրեր էլ կան, որ դատավորը դիմում է գրել, քանի որ պատրաստվում է արտագաղթել:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի արդեն նախկին դատավոր Վաղինակ Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, արտագաղթո՞ւմ եք, ի՞նչը Ձեզ դրդեց գնալ այդ քայլին, անարդարությո՞ւնը:
-Արտագաղթո՞ւմ եմ, (ծիծաղում է): Չէ՛, ո՛չ արտագաղթում եմ, ո՛չ որեւէ խնդիր ունեմ, շատ սիրում եմ իմ երկիրը, ուղղակի այլ աշխատանքի պետք է անցնեմ, դրա համար դիմում եմ գրել:
-Դատական համակարգի՞ց եք նոր առաջարկ ստացել, թե՞ այլ համակարգից:
– Ո՛չ, դատականի հետ կապ չունի:
-Իսկ ի՞նչ նոր աշխատանքի եք անցնում, որ ավելի բարձր կարգավիճակ է, քան անկախ դատավորինը:
-Դե, հիմա կարող է լինել մասնավոր սեկտորում, դա կարող է լինել տարբեր տեղեր, կրկնում եմ՝ դատական համակարգի հետ կապ չունի: Մեր համակարգը շատ սիրում եմ, ինձ շատ հոգեհարազատ համակարգ է, ուղղակի այդպես եղավ, այդպես եմ որոշել: Ամեն մարդ իր հարմարություններով եւ իր սեփական կարծիքով է առաջնորդվում: Հիմա կարող է` ինչ-որ մեկի համար լավ է այդ այլ աշխատանքը, կարող է՝ ինչ-որ մեկի համար անհասկանալի է իմ որոշումը, բայց, համենայնդեպս, ես այդպես եմ որոշել:
-Դատավորները վերջին շրջանում շատ են բարձրաձայնում ներքին խմորումների հետ կապված, որ դատական օրենսգիրք է փոխվում, իրենց տեղյակ չեն պահում, որոշումներ են կայացնում, այդ որոշումները կրկին հետ են ուղարկվում իրենց՝ նորից քննություն իրականացնելու համար, դատավորների գլխին շատ գործեր են լցվել, չեն հասցնում: Չդիմացա՞ք այս ներքին խմորումներին ու ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու համար դիմում գրեցի՞ք:
-Ձեզ ասեմ, որ այսքան ժամանակ աշխատել եմ դատական համակարգում, ներքին խմորման ո՛չ ականատես եմ եղել, ո՛չ էլ նման բան լսել եմ: Այդ մի քանի բանը իրականության հետ կապ չունեցող թերթերից եմ լսել, թե չէ, այնտեղ խմորում չկա:
-Վստա՞հ եք:
-Համենայնդեպս, ես մինչեւ դիմումս գրելու պահը ոչ մի խմորում չեմ տեսել, թե հետո ինչ կլինի, ոնց կլինի, չեն կարող ասել: Նշեմ, որ դատական համակարգ է, կարող է՝ գործ լինի, բեկանվի, հետ ուղարկեն քննության, կամ տեղում վճռաբեկը կամ վերաքննիչը լուծի: Այսինքն՝ եթե դատավորները որոշում են կայացնում, դրանց տակ պետք է ենթատեքստեր ման գան: Այն ժամանակ էլ է նույնը եղել, այսօր էլ է նույնը, վաղն էլ նույնը լինելու, 10 տարի հետո էլ է նույնը լինելու: Օրգանիզմ է, մեկը մի կարծիք ունի, մյուսը՝ մեկ այլ կարծիք, դրանից, համենայնդեպս, արդարադատությունը չի տուժում:
-Լուրեր կան, որ բիզնեսով եք զբաղվելու, բիզնեսը նախընտրո՞ւմ եք դատավորի պաշտոնից: Այդ ի՞նչ եկամտաբեր բիզնես է:
-Այ, այդ մեկը չեմ ասի, ամեն մարդ իր անձնական կյանքի իրավունքն ունի, իմ մնացած պլանների մասին թույլ տվեք՝ Ձեզ հետ չկիսվեմ:
Նկատենք, որ դատական համակարգում հանուն բիզնեսի դատավորների կողմից դիմում գրելը նոր երեւույթ չէ: Դեռւես 2014 թվականին դատավորի պաշտոնից ազատվելու համար դիմում էր գրել էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի որդին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանը, որը Սերժ Սարգսյանի կողմից բավարարվել էր: Նշենք, որ դատավորի դիմումի պատճառը եղել էր այն, որ նա դատավոր չէր ցանկանում աշխատել եւ որոշել էր զբաղվել սեփական բիզնեսով:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռեւս իրավապահների կողմից հետախուզվում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում՝ Թուֆենկյան հյուրանոցի մերձակայքում հնչած կրակոցների հետեւանքով տեղում մահացավ Ալավերդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Գագիկ Մոսինյանը, իսկ ահա նույն քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն, 39-ամյա Վահագն Աբգարյանը վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Դեպքի օրը հայտնի դարձավ, որ Վերնիսաժում՝ Թուֆենկյան հյուրանոցի մերձակայքում հնչած կրակոցները դեռեւս տարիներ առաջ Լոռու մարզում գրանցված հետընտրական «ռազբորկաների» հետեւանք են, որի արդյունքում երեք մարդ էր մահացել:
Կատարվածից հետո ոստիկանությունը հրապարակել էր, որ սպանությունը բացահայտվել է, եւ պարզվել էր, թե ովքեր են կասկածվում հանցագործությունը կատարելու մեջ, մասնավորապես Ռաֆիկ Խաչատրյան, Ալբերտ Բլբուլյան եւ Արմեն Կարադավիդով, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Եթե Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի մասով իրավիճակը փոքր-ինչ հասկանալի է, ապա միանգամայն անակնկալ է եղել Ռաֆիկ Խաչատրյանի մասնակցությունը այս դեպքին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Խաչատրյանը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է, շինարար, ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց դեպքի օրը՝ երեկոյան, իրավապահները գնացել են Ռաֆիկ Խաչատրյանի տուն եւ հետաքրքրվել, թե նա որտեղ կարող է լինել: Ընտանիքի անդամները ասել են, որ տեղեկություն չունեն: Իրավապահները Ռաֆիկ Խաչատրյանի կնոջը՝ Ռուզաննային, ասել են, որ հարեւաններից մեկին հրավիրի իրենց տուն՝ որպես վկա, քանի որ կա համապատասխան որոշում, որ պետք է խուզարկություն իրականացնեն:
Ու երբ իրավապահները ներակայացրել են Ռաֆիկ Խաչատրյանի մտերիմներին, թե ինչի համար են նրան փնտրում, ընտանիքի անդամնեը զարմացել են, եւ չեն կարողանում հասկանալ, թե նա ինչ կապ կարող էր ունենալ այդ անձանց հետ: Նախկինում նրանք երբեք միմյանց հետ շփումով աչքի չեն ընկել:
Տեղեկացնենք, որ արդեն 5 օր է, ինչ քաղաքացիական հագուստով անձինք խիստ հսկողություն են սահմանել Ռաֆիկ Խաչատրյանի բանակության վայրում, հետեւում են շենք մտնող, դուրս եկող մարդկանց, անտեղ կատարվող անցուդարձը: Հավանաբար կարծում են, թե նա այս «խառը օրերին» միամտաբար տուն կգա:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԱՃՈՒՐԴԸ՝ ԱՅՍՕՐ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդը։ Եւ վերջապես հայտնի կդառնա՝ շենքը գնորդ կունենա, թե ոչ։ Տեղեկացնենք, որ մեկ տարի է, ինչ կառավարությունը չի կարողանում վաճառել նախարարության շենքը։ Պատճառն այն է, որ գնորդ չկա։ Վաճառքի հանված նախարարության շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ` նույն շենքում է: Ինչպես հայտնի է` Վահան Մարտիրոսյանը մինչեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելը, «Ռոստելեկոմ»-ի հիմնադիրն էր: Ու հիմա նա էլ ցանկանում է գնել հարազատ նախարարության շենքը:

 

 

ՔՐԳՈՐԾ ՉԿԱ
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրովի անվան փողոցում հերթական միջադեպն է տեղի ունեցել: Ըստ բնակիչների` հնչել են կրակոցի ձայներ, ավելի ուշ տեղեկացել են, որ կա վիրավոր, ով տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի վստահեցմամբ` արձանագրվել է դանակահարության դեպք: Վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նման գործ իրենց մոտ չկա:

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Ըստ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի՝ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը լարվածությունը հակամարտության գործում մեծացնում է, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն: «Ադրբեջանը հետեւողական քայլեր է ձեռնարկում` ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն եւ ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջեւ եւ վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը»,- նշել է Կ. Միրզոյանը: Այն, որ Ադրբեջանը ագրեսիվ վարք է դրսեւորում եւ նման պահվածք է որդեգրել, ըստ Արցախի արտգործնախարարի՝ այդ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ:

 

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ ԲԻԶՆԵՍԻՆ
Արարատի մարզպետարանը մի քանի հետաքրքիր պայմանագրեր է լուծարել երկու ընկերությունների հետ: «Մոնոլիտ Կապիտալ Շին» ընկերությունն ու «Նորակ» ՍՊԸ-ն պայմանագրեր էին կնքել Արարատի մարզպետարանի հետ եւ ստանձնել Արտաշատ քաղաքի եւ որոշ համայնքների մանկապարտեզների, դպրոցների, թատրոնի վերանորոգման աշխատանքները: Երկու ՍՊԸ-ներն էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեն, եւ պայմանագրերը խզելով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է կրճատել Հովիկ Աբրահամյանի գործոնը մարզում՝ նախ թեթեւ հարվածներ հասցնելով նրա բիզնեսին:




Լրահոս